Ծնողական խմբերում խուճապ է. Անչափահասների առևանգման փորձ կատարած տղամարդը ձերբակալված է
Աշակերտների ծնողների չաթերում խուճապ է։ Մայրիկներն արագորեն տարածում են սև ավտոմեքենայի ու նրա վարորդի լուսանկարներն ու միմյանց հորդորում՝ զգույշ լինել, այս մարդը մոտենում է մայրաքաղաքի տարբեր դպրոցների աշակերտներին ու առաջարկում, համոզում նստել իր մեքենան։
Ըստ տարածվող լուրերի, նման դեպք արդեն արձանագրվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Արարատյան զանգվածի դպրոցներից մեկում։
Panorama.am-ը կապ հաստատեց ոստիկանության հետ՝ պարզելու, արդյոք նման ահազանգ եղե՞լ է, համապատասխանո՞ւմ են տեղեկություններն իրականությանը։
Իրավապահ մարմնի հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից հայտնեցին.
«Համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ինչ-որ մեկը դպրոցների մոտ երեխաներին նստեցնում է ավտոմեքենան և առևանգում։ Հրապարակումներում նաև նշվում է, թե բազմաթիվ ծնողներ այս հարցով ահազանգել են ոստիկանություն։
Տեղեկացնում ենք, որ նշված բովանդակությամբ ահազանգ կամ հաղորդում ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կամ Մալաթիայի բաժնում չի ստացվել։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան