«Հրապարակ». Խուզարկել են նաև Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ՝ կեսօրից հետո, ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ շոու են բեմադրել Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում` 20 հոգու բերման են ենթարկել. տնօրենին, նրա տեղակալին, ամբիոնի վարիչների, հաշվապահին, դասախոսների, անգամ՝ ուսանողների: Բերման է ենթարկվել նաև ռեկտորը` Լեռնիկ Պետրոսյանը, որը մի քանի օր առաջ արդեն ազատվելու դիմում էր ներկայացրել: Մեր աղբյուրները հայտնեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ինչ-որ գործ է քննվում` տարբեր մեղադրանքներ են ներկայացվել բուհի աշխատողներին և ուսանողներին: Իբրև թե` ուսանողները դասի չեն հաճախել, բայց քննություն, ստուգարք են ստացել: Ինչ-որ ֆինանսական չարաշահումների մեղադրանք էլ կա: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, որի հրամանով նշանակվում է Կապանի մասնաճյուղի տնօրենը, մեզ հետ զրույցում ասաց, որ Լեռնիկ Պետրոսյանը սեպտեմբերի 23-ին, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից, և նշեց, թե մասնաճյուղի աշխատակիցներից է իմացել, որ իրավապահները գործողություն են իրականացնում Կապանի մասնաճյուղում։
«Պաշտոնապես որևէ տեղեկություն չունենք, մասնաճյուղի աշխատակիցներից ենք իմացել, որ ուժայինները գործողություն են իրականացնում մասնաճյուղում»,- ասաց նա։ Նկատենք, որ Կապանի մասնաճյուղի ռեկտորին նշանակելու հարցում դերակատարում է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի միջնորդությունը: Իսկ Սյունիքում իշխանությունը երկու թևի է բաժանված. մարզպետը` իր մտերիմ համայնքապետերի ու իր նշանակած պաշտոնյաների հետ, մյուս թևում Դավիթ Դանիելյանն է, Գևորգ Փարսյանը և այլ պաշտոնյաներ:
Հ.Գ Ուշ երեկոյան տեղեկացանք, որ բուհից հետո խուզարկել են նաև ռեկտորի տունը: Երեկվա տվյալներով ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, տեղակալը՝ Տիմեյա Աղամյանը, հաշվապահը, ինչպես նաև ռեկտորի քեռու կինը՝ Անիկ Խաչատրյանը ոստիկանության Կապանի ՁՎՊ են տեղափոխվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։