Հայկական առածն ասում է՝ «լավ ասենք, որ լավ լինի». Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
«Ապագային է միտված Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային, երկաթուղային և այլ հաղորդակցությունների բացելն է, այլև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և ողջ տարածաշրջանի միջև կապի ապահովումը, ինչպես նաև խողովակաշարերի և մալուխների անցման և, ի վերջո, մարդկանց միջև շփումների հնարավորություններ ստեղծելը, ինչը կարևորագույն և առանցքային գործոն է խաղաղության համար»,- ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին ուեցած ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն իր ելույթում ասել է.
««Խաղաղության և զարգացման առանցքային գործոն է նաև այն, որ այդ ամենը տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության հարգմամբ, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա, և մենք պատրաստ ենք մեր տրանսպորտային ուղիները բացել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի և թե՛ մեր մնացած հարևանների ու գործընկերների համար, և պատրաստ ենք դա անել նույնիսկ այսօր: Հենց այսօր:
«Խաղաղության խաչմերուկ»-ն ի դեպ, Միջին միջանցքի մաս կարող է դառնալ, ապահովելով նրանով ապրանքների անցման ավելի մեծ արագությունն ու արդյունավետությունը:
Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում պատրաստ է լիովին ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Դա մեր ցանկությունն է, պարտավորությունը, և մենք կարող ենք դա անել: Ի դեպ, բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ որևէ փաստաթղթով համաձայնվել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգություն, պարզապես իրականության ձևախեղում են: Հայաստանի ստանձնած պարտավորությունը հստակ է. երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգությունը, և մենք երաշխավորում ենք դա:
Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք,
Այսօր չեմ ուզում որևէ նեգատիվ, անհանգստացնող, հոռետեսական ուղերձներ հղել ոչ թե այն պատճառով, որ դրանք չկան, այլ այն պատճառով, որ հայկական առածն ասում է. «լավ ասենք, որ լավ լինի», այն իմաստով, որ երբ խոսում ես դրական բաների մասին` լավ բաները որպես կանոն իրականություն են դառնում: Չեմ բացառում, որ նույն առածը կա և դա նույնքան իրենցն են համարում Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Վրաստանում, աշխարհի այլ երկրներում:
Բայց «լավ ասենք, որ լավ լինի»-ն իրականությունից կտրված դատարկ խոսքեր շռայլելու մասին չէ, դրա համար պետք է աշխատել, երբեմն ծանր որոշումներ կայացնել: Իմ ելույթի մեջ ի ցույց դրեցի բոլոր այն հանգամանքները, որոնք հիմք են տալիս այս հարգարժան լսարանի առջև այս ամբիոնից լավն ասելու, որ լավ լինի: Եվ եթե հիմնվենք այդ հանգամանքների վրա, ապա լավ բաներ տեղի կունենան՝ սկիզբ դնելով բացասականը գեներացնող հանգամանքների նվազեցման գործընթացին»։