Չեմ մոռանալու հանուն Հայաստանի և չեմ ներելու հանուն Արցախի. Բագրատ Սրբազան
«2020թ-ին Հայրենական պատերազմում մարտի ելան Հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդեն իսկ կանխորոշված է»,- Արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում ասում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ընդգծելով, որ «չեմ մոռանալու հանուն Հայաստանի և չեմ ներելու հանուն Արցախի»։
Բագրատ Սրբազանը նշել է. «Քանի դեռ Հայաստանում շարունակում են իշխանության մնալ ամեն ինչ զիջելու պատրաստ, պարտված ու անգամ մարդասիրական խնդիրները, գերիների վերադարձի հարցը բարձրաձայնելու, լուծելու կարողություն չունեցող իշխանությունները, քանի դեռ իշխանությունը զավթել են Հայաստանի ազգային-պետական շահերի հետ որևէ աղերս չունեցողները, 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսած աղետը շարունակվում և շարունակվելու է իր տարաբնույթ դրսևորումներով։
Մենք կոչված ենք փոփոխության։ Մենք կոչված ենք ապաքինման և վերականգման։ Կոչված ենք հայրենիք և հաղթանակ վերադարձնելու մեր բազմահազար զավակներին, որոնք մեկնեցին մահն արհամարհելով՝ հայրենիքն ու հաղթանակն իրենց սրտերում և աչքերի մեջ»։