Մարդիկ, որոնք ժամանակին կարծիք են հայտնել, խնդրում եմ մինչև վերջ առաջ տանեն. Գառնիկ Դանիելյանը՝ Միքայել Սրբազանի մասին
«Այն թեզը, թե եկեղեցին քաղաքականությանը չի խառնվում ... Եթե եկեղեցին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դա ի՞նչ է: Դա արդեն քաղաքականության մեջ լինել է: Դա նորմալ է: Մարդիկ եկել, միացել են, դա աջակցությո՞ւն է, թե՞ ոչ: Ես կարծում եմ՝ աջակցություն է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հայտարարությանը, թե եկեղեցին չի էլ աջակցել սրբազան շարժմանը։
Նա նշեց, որ ամբողջ քաղաքական դաշտը խորը բուժման կարիք ունի. «Եթե մենք ասում ենք, որ երկիրը կործանվում է, դրան համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն: Հաջողության գրավականն էլ հենց դա է, որ ամեն մեկը, ինչ ասում է, դրա տերը լինի, ամեն մեկն ինչ խոսում է, հետևողական քայլեր լինեն դրանից հետ»:
Ինչ վերաբերում է Միքայել Սրբազանի մեկ այլ հայտարարության, թե իշխանափոխության հնարավորություն այս պահին չկա, Գ.Դանիելյանն ասաց. «Մենք ասում ենք, որ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող, ապազգային, հակապետական, հակաեկեղեցական իշխանություն է, հետո ասում ենք՝ շանս չկա: Սա ազգային-ազատագրական պայքար է, որի մեջ բոլորը պետք է իրենց մասնակցություն ունենան՝ հոգևորական, զինվորական, բանվոր, բոլոր մասնագիտության տեր մարդիկ»:
Հարցին՝ հիասթափվա՞ծ է Միքայել Սրբազանից, ասաց. «Ուզում եմ ասել բոլոր այն մարդկանց, որոնք ժամանակին տեսակետ, կարծիք են հայտնել, խնդրում եմ՝ բարի լինեն այդ կարծիքն ու տեսակետը մինչև վերջ առաջ տանեն»:
Հարակից հրապարակումներ`
- Եկեղեցին Բագրատ Սրբազանին չէր էլ սատարում, որ մենակ թողներ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
- Շիրակի թեմի առաջնորդ. Չեմ կարծում, Մայր Տաճարի վերաօծման արարողությանն իրենք իրենց այնպես լավ են զգալու, ինչպես Նյու Յորքում՝ Էրդողանի կողքին