ԼՂ քաղաքացիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են եղել
2020 թ․ տեղահանված այն անձինք, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը չեն դիմել և չեն ստացել հավաստագիր, հնարավորություն կունենան օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որը հաստատվել է 2024 թվականի մայիսի 16-ին։
«Վերջիններս կկարողանան դիմել գործող ծրագրին՝ սահմանված առաջնահերթություններին և պայմաններին համապատասխանելու դեպքում:
Ծրագրում իրականացված փոփոխություններով՝ հաստատվել է նաև գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի իրացման ընթացակարգը, հստակեցվել են ծրագրի բոլոր բաղադրիչներով ստացված առցանց դիմումների մշակման գործընթացում Միասնական սոցիալական ծառայության գործառույթները, ինչպես նաև պարզաբանվել են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։
Հիշեցնենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք ՀՀ են տեղահանվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և չունեն սեփականություն․ աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։
Դիմումներն ընդունվում են այս հղմամբ։
Միջոցառումն իրականացվում է 3 փուլով՝
• հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը,
• հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը,
• օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը։
Առաջին փուլի շրջանակում դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 30-ն է։
Առաջին փուլում կարող են ընդգրկվել՝
• 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
• 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
• զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,
• գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,
• ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։
Երկրորդ փուլից կարող են օգտվել՝
• 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
• 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
Երրորդ փուլում կարող են ընդգրկվել՝
• ցանկացած կազմով ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն առաջին երկու փուլերում»,- ասվում է հաղորդագրությունում։