Հայաստանի դատական համակարգը պետք է այս դահլիճի պես վերափոխվի. ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհուրդից արձագանքել են մամուլի հրապարակմանը.
«Այս դահլիճում են դատում դատավորների աշխատանքը: «Հրապարակ»-ը գրել է, որ «հերթական «միլիոնները» ծախսվեցին քաղաքացիների գրպանից» ու որ «24 միլիոնով ԲԴԽ-ի մի դահլիճ են վերանորոգել»:
Այս ահավոր «թալանի» վերաբերյալ մի քանի միտք.
1. Այն դահլիճը, որտեղ «դատում են դատավորների» պետք է լինի դատական բարձունքին արժանի, ինչպես բոլոր առաջադեմ երկրներում է, որտեղ նման բարձր ատյանների դահլիճները թանգարաններ են հիշեցնում: Խնդրում եմ չասել, որ նախ դատական համակարգը պետք է արդար լինի, նոր արժանանա նման միջավայրի: Գրեթե բոլոր զարգացած երկրներում եղել է հակառակ ուղին: Նախ հանրությունն է գիտակցել դատարանի վեհությունը, հետո է դատավորը վեհ դարձել:
2. Հայաստանի դատական համակարգը պետք է այս դահլիճի պես վերափոխվի: Դահլիճը պատրաստ է ամբողջությամբ, դատական համակարգը 50-60 տոկոսով: Ներքին շատ պրոցեսներ են արդեն փոխվել: Արդյունքները մարդիկ կզգան մի քանի տարվա մեջ, եթե իհարկե ամեն ինչ նորից հետ չգլորվի հին ճահիճը:
3. 2024-ին բացի այս դահլիճից վերանորոգվում են 30 դատարանների շենքեր և ծախսվում է մոտ 400 միլիոն դրամ: Այդ գումարը դատական իշխանության խնայողությունների հաշվին է: Բյուջեից ոչ մի դրամ ավել գումար չենք ստացել դրա համար: Բոլոր դատական պաշտոնյաները հրաժարվել են բազմաթիվ գործուղումներից և այլ «հաճելի» ծախսերից, որ դատարանները արժանապատիվ միջավայրում գործեն:
4. Ոմանք «քաղաքացիների գրպանից» կառուցել են իրենց վիլլաները, լավագույն դեպքում բարելավել են իրենց առանձնասենյակները կամ հարմարավետություն տվող այլ գույքերը, մենք բարելավել ենք դատարանների տասնյակ շենքեր ու երկրի համար բարձրագույն արժեք խորհդանշող դահլիճները: Իհարկե բարենորոգված դատական դահլիճները լիարժեք ադարությամբ լցնելու համար դեռ շատ ծանր աշխատանք կա անելու: Դա էլ հաջորդիվ:
Հ.Գ. «Հրապարակ» օրաթերթը այս ամենն ասելու համար շատ լավ լրատվական պատրվակ տվեց: Քաղաքական թոհուբոհի մեջ քչերն են մեզ օգնում իրենց մշտական հոգածությամբ: Մամուլը քչերի մեջ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան