ՆԳՆ-ն, Կենտրոն վարչական շրջանն ու այլ կառույցներ՝ ԻԱԿ-ի «Սև ցուցակում»
Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Այս առիթով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) ներկայացնում է մինչև սեպտեմբեր ամսվա կտրվածքով տեղեկատվության ազատության խախտումների «Սև ցուցակը»:
Panorama.am-ի հետ զրույցում ԻԱԿ ծրագրերի համակարգող Մանե Մադոյանն ընդգծեց, որ այս ցանկն ամբողջական չէ, նախնական է։ Ամբողջական պատկերը կունենան երեք ամիս անց, որում տեղ կգտնեն տեղեկատվության ազատության մասով խախտում կատարած կառույցների ղեկավարները։
Մադոյանը նշեց, որ 2024թ․-ի թվականի հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ԻԱԿ-ի կողմից ուղարկվել է շուրջ 173 հարցում, որոնցից 27-ը դեռ ընթացքի մեջ է։
Չափորոշիչներից խոսելիս Մանե Մադոյանը նշեց՝ սովորաբար հրապարակվում են այն կառույցների անուններն ու հատկապես այդ կառույցի ղեկավարները, քանի որ որևէ խախտման դեպքում այդ կառույցի ղեկավարն է անձնապես կրում պատասխանատվությունը։
««Սև ցուցակում» հայտնվում են այն կառուցներն ու ղեկավարները, որոնք չեն պատասխանում տեղեկություն ստանալու հարցումներին, թերի կամ ոչ լիարժեք են պատասխանում, անհիմն մերժում են, կեղծ տեղեկություն են տալիս,ժամկետներն են խախտում կամ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունների ցանկն են խախտումներով հրապարակում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ հարցումների 86 % տոկոսը ստացել է պատասխան, սակայն դրանցում կան պատասխաններ, որոնց չեն համապատասխանում հարցի բովանդակությանը կամ թերի են։ Մեր զրուցակիցը նկատում է, որ այժմ լուռ մերժումները փոխարինվել են մեծամասամբ թերի կամ անհիմն պատասխաններով կամ անհիմն մերժումներով:
Եվ այսպես՝ օրենքի ուղղակի խախտմամբ ցուցակում տեղ են գտել․
- Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը
- -ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
- Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը
- Ինչպես նաև՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Լավագույն պրակտիկայի խախտում
- Ֆինանսների նախարարություն
- ՊԵԿ
- ԿԳՄՍՆ
- Քննչական կոմիտե
- Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին
Առաջիկա երեք ամսվա ընթացքում դիտարկումները կշարունակվեն և արդեն 2025 թ․-ի հունվար ամսին կներկայացվի 2024թ․-ի ամփոփիչ ցուցակը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ Հայաստանում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ՀՀ Ազգային ժողովն ընդունել է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին, որը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները: Ի դեպ, հարցումներին պատասխան տալու օրենքով սահմված ժամկետը՝ 5 օր է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան