Մայր Աթոռում մեկնարկել է Մյուռոնի օրհնության կարգը. Ովքե՞ր են ներկա ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում այս պահին կատարվում է Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
Նախքան Մյուռոնօրհնությանը Վեհափառ Հայրապետը և 12 արքեպիսկոպոսներ կամ եպիսկոպոսներ զգեստավորվում են պատարագչի զգեստներով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ և ամպհովանիով Վեհարանից կամ Մայր Տաճարից «Խորհուրդ խորին» շարականի երգեցողությամբ և Մայր Տաճարի զանգերի ղողանջի ներքո ուղղվում է դեպի Բաց խորան։
Սրբազաններն իրենց հետ այդ ընթացքում տանում են հին Մյուռոնը, բալասանը և Մյուռոնի նյութերի անոթը։ Զուգահեռաբար խորանի վրա Աստվածաշնչից ընթերցումներ են կատարվում։ Առանձին աղոթքներ և ընթեցրումներ է կատարում նաև Վեհափառ Հայրապետը։
Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետը բացում է Սրբալույս Մյուռոնի կաթսան և շարականի երգեցողության ընթացքում Հայոց Հայրապետը կաթսայի մեջ է լցնում ծաղիկներից պատրաստված խտանյութը, որից հետո նաև բալասանը։ Հին Մյուռոնը լցնում է նորի մեջ, այնուհետև երգվում է «Առաքելոյ աղաւնոյ» շարականը։
Հայոց Հայրապետը տյառնագրում և խառնում է Մյուռոնը Հայոց Եկեղեցու ավանդական երեք նվիրական սրբություններով՝ Ս․ Խաչով, Ս․ Գեղարդով և Ս․ Գրիգոր Լուսավորչի Աջով։ Կաթսան ծածկվում է նուրբ շղարշով և արարողությունն ավարտվում է «Պահպանիչ» աղոթքով։
Մայր Աթոռից նշում են, որ Մյուռոնի կաթսան 7 օր շարունակ մնում է Մայր Տաճարում, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան այն համբուրելու և օրհնություն ստանալու։
Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար: Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության և շաղախող հզոր ուժը մեր «փոքր ածուի» անցյալի և ներկայի:
Ս. Մյուռոնը մշտապես հիշեցնում է ամենքիս, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից` մեր ճակատին կրելով Ս. Հոգու խորհրդանիշ Ս. Մյուռոնի կնիքը: Այս խորհրդով և հոգևոր գիտակցությամբ ենք ապրել և շարունակում ենք կյանքի մեր ընթացքը Ս. Էջմիածնի օրհնության ներքո: Սրբալույս Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաև սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ: Ուստի պատահական չէ, որ Ս. Մյուռոնին են նվիրվել մի շարք մեկնաբանական երկեր, քարոզներ և չափածո ստեղծագործություններ:
Երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել, դրան ավելացրել են նաև լուսավորչավանդ Ս. Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս Շնորհը փոխանցվի նորին: Այս քայլով մեր Եկեղեցին ոչ միայն ապահովում է դարեդար փոխանցվող Մյուռոնի հաջորդականությունը, այլ նաև ևս մեկ անգամ շեշտում Սրբազան Ավանդության հանդեպ իր հավատարմությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան