Հասարակություն 08:30 28/09/2024 Հայաստան

Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր

Այսօր ժամը 17:00-ին Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը,  Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը  ֆեյսբուքյան գրառումներով ներկայացրել են է Ս․ Մյուռոնի խորհուրդը, բաղադրությունը, նշանակությունը, հետաքրքիր տեղեկություններ Մյուռոնօրհնության արարողությունների, ավանդույթների մասին։ 

Ըստ Հրաչյա Աճառյանի` հունարեն «Մյուռոն» բառը նշանակում է «հեղուկ անուշահոտություն, հոտավետ յուղ», որը ծագում է «քսել, օծել» արմատից: Չնայած այս ստուգաբանությանը, հայկական միջավայրում այն կապվել է «մեռնել», «դառնություն» և «մռայլ» բառերի հետ: Ս. Գրիգոր Նարեկացին եբրայեցերենի հետևողականությամբ Մյուռոնը ստուգաբանում է «մեռա» բառով, որ նշանակում է «դառնություն»: Մյուռոնի «մռայլ» ստուգաբանությունը, որը երբեմն նաև այլ բառերով կոչվում է «խավար» և «մթին» կապվում է աստվածային ճշմարտությունների և Աստծու ճանաչողության հետ: Այդ ճշմարտությունները և Աստված անմատչելի են մեր մտքի համար, հետևաբար նաև՝ խավար և մութ, սակայն դրանց քաղցրությունը և մասամբ ճանաչողությունը տրված է ընտրյալներին և սրբերին:

Հնում արևելյան ազգերը և հատկապես հրեաները ծեսի մեջ ձիթենու յուղ էին օգտագործում: Աստված Մովսեսին պատվիրեց օծության Յուղի պատրաստման ձևը, որով զանազան առարկաներ էին օծում (տե՛ս Ելք 30. 22-33): Օծումից հետո դրանք դառնում էին սրբագործված, զանազանվում մյուսներից և օգտագործվում ծիսական արարողությունների ժամանակ: Օծվում էին նաև քահանաները և թագավորները, ինչպես նաև ննջեցյալների մարմինները` ապականվելուց զերծ պահելու համար: Օծության Յուղն այն տեսանելի, զգալի նշանն էր, որով Աստծո Հոգին ներգործում էր մարդկանց և առարկաների վրա:

Օծման նշանակությունը վերաիմաստավորվեց Հիսուս Քրիստոսի գալստյամբ: Նա դարձավ բացարձակ Օծումը. «Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկ. 2. 11): Իսկ Ս. Պետրոսը Հոգեգալստից հետո նորադարձներին ասում էր. «Իսրայելի ամբողջ տունը վստահորեն թող իմանա, որ Աստված Նրան և´ Տեր, և´ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք» (Գործք 2. 36): Նոր Կտակարանում յուղով օծումը նաև հարգանքի նշան էր: Հիշենք, թե ինչպե´ս Բեթանիայում` Սիմոն բորոտի տանը, օծվեց Հիսուսի մարմինը, որը Նրա թաղման խորհուրդն ուներ (Մատթ. 26. 7, Մարկ. 14. 3, Հովհ. 12. 3):

Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար: Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության և շաղախող հզոր ուժը մեր «փոքր ածուի» անցյալի և ներկայի:  Ս. Մյուռոնը մշտապես հիշեցնում է ամենքիս, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից` մեր ճակատին կրելով Ս. Հոգու խորհրդանիշ Ս. Մյուռոնի կնիքը: Այս խորհրդով և հոգևոր գիտակցությամբ ենք ապրել և շարունակում ենք կյանքի մեր ընթացքը Ս. Էջմիածնի օրհնության ներքո: Սրբալույս Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաև սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ: Ուստի պատահական չէ, որ Ս. Մյուռոնին են նվիրվել մի շարք մեկնաբանական երկեր, քարոզներ և չափածո ստեղծագործություններ:

Մյուռոնին ընծայված բացառիկ սիրո և նշանակության մասին է ակնհայտորեն վկայում նաև հայկական ընտանիքներում կնքահորը` քավորին, ընծայվող խորը հարգանքն ու պատիվը: Չէ՞ որ այդ Մյուռոնի շնորհիվ են նրանք իրար հետ հարազատ դառնում և ուխտում` իրենց ողջ կյանքում հավատարիմ լինել այդ սուրբ օծությանը: Այս օրինակները կարելի է շարունակել, որոնք մեկ անգամ ևս փաստում են Ս. Մյուռոնի կարևորությունն ու դերակատարությունը մեր ազգի կյանքում։ 

Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից: Ըստ ազգային Ավանդության, որը մեջբերված է 13-րդ դարի նշանավոր աստվածաբան Վանական վարդապետի աշխատության մեջ, Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը: Այս մասին է նշում նաև Վարդան վրդ. Արևելցին իր «Աշխարհացույցում»: Մեկ այլ ավանդություն էլ Մյուռոնը կապում է Ս. Մովսես մարգարեի պատրաստած Յուղի հետ, որը հասել էր մինչև Հիսուսի ժամանակները:

Հայաստան գալով` առաքյալն իր հետ բերած սրբազան Յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան: Այնուհետև նա մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր Յուղը: Այդտեղ իջած լույսով և Ս. Գրիգոր Լուսավորչին երևացած տեսիլքի շնորհիվ հայոց առաջին հայրապետը գտնում է առաքյալի թաղած սուրբ Յուղը և խառնում իր օրհնած Մյուռոնին: Հետագայում Լուսավորիչն այդ վայրում կառուցում է Ս. Հովհաննես Մկրտչի անունով մի եկեղեցի, որը հայ մատենագրության մեջ կոչվում է նաև «Եղրդուտի վանք» կամ «Ս. Շիշ յուղի վանք»:

Եվ այսպես ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել, դրան ավելացրել են նաև լուսավորչավանդ Ս. Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս Շնորհը փոխանցվի նորին: Այս քայլով մեր Եկեղեցին ոչ միայն ապահովում է դարեդար փոխանցվող Մյուռոնի հաջորդականությունը, այլ նաև ևս մեկ անգամ շեշտում Սրբազան Ավանդության հանդեպ իր հավատարմությունը»:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում Մյուռոնօրհնությունը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Ըստ ձևավորված ավանդույթի այս սրբազան արարողությունը կատարվում է 5-7 տարին մեկ, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել։

Սկզբնապես Մյուռոնօրհնությունը կատավել է Ավագ Հինգշաբթի օրը, երբ Հիսուս հաստատեց Ս․ Հաղորդության խորհուրդը։ ԺԹ-րդ դարի ծիսական «Մաշտոցները» հրահանգում են, որ այն կարելի է կատարել նաև Հոգեգալստին կամ որևէ այլ պատշաճ տոնական օր։

Վերջին շրջանում Մյուռոնօրհնությունը կատարվում է Վարագա Ս․ Խաչի տոնին։ Նախորդ դարում այն կատարվել է Մայր Տաճարի ներսում կամ զանգակատան դիմաց։ 2001 թ․ սկսած այն տեղի է ունենում Ս․ Տրդատի Բաց խորանում։ Մյուռոնօրհնության օրը՝ առավոտյան, մատուցվում է Ս․ Պատարագ, իսկ երեկոյան տեղի է ունենում սրբազան արարողությունը։

Նախքան Մյուռոնօրհնությանը Վեհափառ Հայրապետը և 12 արքեպիսկոպոսներ կամ եպիսկոպոսներ զգեստավորվում են պատարագչի զգեստներով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ և ամպհովանիով Վեհարանից կամ Մայր Տաճարից «Խորհուրդ խորին» շարականի երգեցողությամբ և Մայր Տաճարի զանգերի ղողանջի ներքո ուղղվում է դեպի Բաց խորան։

Սրբազաններն իրենց հետ այդ ընթացքում տանում են հին Մյուռոնը, բալասանը և Մյուռոնի նյութերի անոթը։ Զուգահեռաբար խորանի վրա Աստվածաշնչից ընթերցումներ են կատարվում։ Առանձին աղոթքներ և ընթեցրումներ է կատարում նաև Վեհափառ Հայրապետը։

Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետը բացում է Սրբալույս Մյուռոնի կաթսան և շարականի երգեցողության ընթացքում Հայոց Հայրապետը կաթսայի մեջ է լցնում ծաղիկներից պատրաստված խտանյութը, որից հետո նաև բալասանը։ Հին Մյուռոնը լցնում է նորի մեջ, այնուհետև երգվում է «Առաքելոյ աղաւնոյ» շարականը։

Հայոց Հայրապետը տյառնագրում և խառնում է Մյուռոնը Հայոց Եկեղեցու ավանդական երեք նվիրական սրբություններով՝ Ս․ Խաչով, Ս․ Գեղարդով և Ս․ Գրիգոր Լուսավորչի Աջով։ Կաթսան ծածկվում է նուրբ շղարշով և արարողությունն ավարտվում է «Պահպանիչ» աղոթքով։

Մայր Աթոռից նշում են, որ Մյուռոնի կաթսան 7 օր շարունակ մնում է Մայր Տաճարում, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան այն համբուրելու և օրհնություն ստանալու։

Ինչխես նշվեց, ըստ վերջին շրջանում ձևավորված սովորության, Մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել: Անկասկած, երջանիկ է այն կաթողիկոսը, ով իր գահակալության ընթացքում կարողանում է գեթ մեկ անգամ մյուռոն օրհնել և իր հայրապետական օրհնությունը բաշխել հավատացյալներին:

 Ցավոք, պատմության ընթացքում ունեցել ենք նաև այնպիսի հայրապետներ, ովքեր այդպես էլ չեն հասցրել կատարել սրբազան այս արարողությունը: Օր.` Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան Կաթողիկոսը (1908-1910) իր կարճ գահակալության ընթացքում չհասցրեց մյուռոն օրհնել, քանզի 1909 թ. նշանակված արարողությունը հետաձգվեց Կովկասում բռնկված խոլերայի պատճառով: Նույն ճակատագրին արժանացան նաև երջանկահիշատակ Խորեն Ա Մուրադբեկյանը (1932-1938) և Գևորգ Զ Չորեքչյանը (1945-1954), որոնց նույնպես  բախտ չվիճակվեց մյուռոն օրհնել խորհրդային կարգերի պատճառով:

 29 տարվա դադարից հետո վերջապես 1955 թ. հոկտեմբերի 8-ին իր առաջին մյուռոնօրհնությունը կատարեց նորընտիր Վազգեն Ա Պալճյանը (1955-1994): Բացի սրանից, Վազգեն Վեհափառն իր գահակալության ընթացքում կատարեց ևս 5 մյուռոնօրհնեք: 1991 թ. սեպտեմբերի 29-ին Աստծո կամքով նա օրհնեց նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին մյուռոնը` անվանելով այն «Անկախության մյուռոն»:

Վազգեն Կաթողիկոսին հաջորդած Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1996 թ. սեպտեմբերի 8-ին Մայր Աթոռում կատարեց իր առաջին մյուռոնի օրհնությունը` կոչելով այն «Վերածնության մյուռոն»: Բայց հաջորդը տեղի ունեցավ ոչ թե 7 տարի հետո, այլ` 5, այսինքն` 2001 թ., երբ ազգովի նշում էինք քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակը: Վերոգրյալ բոլոր օրինակները և պատմական տվյալները ցույց են տալիս, որ ազգային-եկեղեցական կարևոր և հիշարժան տարեթվերի, մյուռոնի պակասության կամ այլ հանգամանքների դեպքում Վեհափառ Հայրապետը կարող է մյուռոնօրհնեք կատարել` օգտվելով իրեն վերապահված իրավունքից:

Մյուռոնի բաղադրիչները

Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավելի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Նյութերի այս բուրումնավետությունը խորհրդանշում է քրիստոնեական հավատքի և կյանքի անուշահոտությունը:

Մեզ են հասել հայկական բազում ձեռագրեր, որոնք անդրադառնում են Ս. Մյուռոնի կանոնին, խորհրդին, անհրաժեշտ նյութերին և այս սրբազան Յուղին առնչվող այլ խնդիրներին: Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում այն ձեռագրերը, որոնք մանրամասն անդրադառնում են Մյուռոնի համար անհրաժեշտ նյութերին: Խնդրի վերաբերյալ մեզ հասած ամենահին ձեռագիրը 1461 թ. ընդօրինակված Մաշտոցյան Մատենադարանի Հմր 4997 ձեռագիրն է, որտեղ խոսվում է 40 բույսերի և նյութերի մասին: Այլ ձեռագրերում նյութերի քանակը հասնում է անգամ մինչև 58-ի: Հետաքրքրական է, որ նմանաբնույթ ձեռագիր մատյաններում բացակայում է ձիթապտղի ձեթի մասին հիշատակությունը, քանզի բոլորին էլ պարզ էր, որ առանց ձիթայուղի հնարավոր չէ Ս. Մյուռոն պատրաստել:

Մյուռոնի նյութերի ուսումնասիրությունը և դրանց աշխարհագրական տարածվածության վերլուծությունը փաստում են, որ այդ բույսերի մեծ մասն աճում են մերձարևադարձային և արևադարձային կլիմայական գոտիներում: Միայն դրանցից մի քանիսը կարող ենք գտնել Արևմտյան Հայաստանում և ներկայիս Հայաստանի Հանրապետությունում: Այս բացը լրացնելու նպատակով վերջին երեք մեռոնօրհնեքների ժամանակ ավելացվել են նաև որոշ բույսեր Արցախից և Հայաստանից:

Ձիթայուղից հետո Ս. Մյուռոնի երկրորդ հիմնական նյութը բալասանն է, որը  փշատենու նման մշտադալար ծառի կեղևի կտրվածքից հոսող յուղային խեժ է։ Բալասանն օգտագործվում է կրոնածիսական նպատակով և բժշկության մեջ:

 Մյուռոնի պատրաստության ժամանակ բալասանը փափկեցնում են կտավատի յուղով, որպեսզի կարողանա միախառնվել ձիթենու յուղին: Մյուռոնի կանոնը հրահանգում է, որ որքան շատ լինի այն, այնքան ավելի լավ է: Որպես Մյուռոնի մակարդ` բալասանի մասին ստեղծվել են տարբեր ավանդություններ հայ մատենագրության մեջ, այն գովերգվել է նաև գեղարվեստական ստեղծագործություններում:

Վարդան վարդապետն իր «Աշխարհացոյց» աշխատության մեջ նշում է, որ Տիրամայրը լվացել է մանուկ Հիսուսի հագուստը և ջուրը թափել, որտեղ էլ բուսնել է բալասանի ծառը: Այս ավանդազրույցը մեջբերել է նաև Հակոբ Նալյան Պատրիարքը` Նարեկի 93-րդ գլուխը մեկնելիս: Ըստ նրա` ինչպես ծառի ճեղքումից բալասանի յուղային խեժն է դուրս գալիս, այնպես էլ Հիսուսի կողի խոցմամբ` Տիրոջ փրկարար արյունը:

Մյուռոնօրհնության սրբությունները

Դարերի ընթացում Ամենայն Հայոց Հայրապետները Մյուռոնն են օրհնել Հայոց Եկեղեցու ավանդական երեք սրբություններով՝ Ս․ Խաչով, Ս․ Գեղարդով և Ս․ Գրիգոր Լուսավորչի Աջով։

Սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մյուռոնը նախ օրհնում է Ս․ Խաչով, որի մեջ զետեղված է Հիսուս Քրիստոսի խաչափայտից մի մասունք։Վերջին շրջանում Մյուռոնօրհնությունը կատարվում է 1652 թ. հատուկ Փիլիպոս Ա Աղբակեցու (1632-1655) համար պատրաստված խաչով։ Ս. Գրիգոր Նարեկացին պնդում է, որ խնկելի, պաշտելի և երանելի այս Յուղը մարդուն որևէ օգուտ չի տա, եթե տերունի կենսատու խաչով չտյառնագրվի:
Ժամանակին Մյուռոնն օրհնվել է Գետարգելի Ս․ Խաչով, որը հայտնի է նաև Սեղբեստրոսի Ս․ Նշան անունով։ Սա այն խաչն է, որով 1023 թ. հունվարի 6-ին Պետրոս Գե­տա­դարձ Կա­թո­ղի­կո­սը (1019-1058) կատարեց նշանավոր Ջրօրհնեքը։ Ըստ ավանդության՝ Հեղինե թագուհին խաչափայտի մասունքից նվիրում է նաև Հռոմի Սեղբեստրոս հայրապետին, որն էլ իր հերթին՝ Ս․ Գրիգոր Լուսավորչին։

Վեհափառ Հայրապետը Մյուռոնն օրհնում է նաև աստվածամուխ Ս. Գեղարդով: Սա նիզակի այն ծայրն է, որով Ղուկիանոս անունով հռոմեացի զինվորը խոցեց Հիսուսի կողը, որից բխեցին ջուր և արյուն (Հովհ. 19: 34): Համաքրիստոնեական այս սրբությունը Հայոց աշխարհ է բերել Ս. Թադեոս առաքյալը:

 Պատմահայր Ս. Մովսես Խորենացին պատմում է, որ Քրիստոսին ժամանակակից Աբգար թագավորն անբուժելի հիվանդ էր: Լսելով Տիրոջ հրաշագործությունների և բժշկումների մասին՝ նա Հիսուսին խնդրում է իրեն այցելել: Տերն արքայի մոտ է ուղարկում Ս. Թադեոսին, որը Ս. Գեղարդով և Փշե պսակով բժշկում է Աբգարին: Վերջինս քրիստոնյա է դառնում՝ նույնը պատվիրելով նաև իր քեռորդի Սանատրուկին:

Ս. Գեղարդը որոշ ժամանակ պահվել է Փոքր Հայքի Կամրջաձորի վանքում, իսկ ԺԳ-ԺԸ դարերում՝ Այրիվանքում, որն էլ այս սրբության շնորհիվ վերակոչվել է Գեղարդավանք: Այստեղ են պահվել նաև Նոյան տապանի մասունքը և Հավուց Թառի փրկչական պատկերը:

Գեղարդը հայտնի է նաև հրաշագործ զորությամբ, որի մասին տեղյակ էին ոչ միայն տեղացիները, այլև վրացիները, մահմեդականները և հարևան այլ ժողովուրդներ:
 1797 թ. Թիֆլիսում բռնկված ժանտախտի պատճառով Վրաց Գեորգի թագավորը խնդրանքով դիմում է Ղուկաս Ա Կարնեցուն` Ս. Գեղարդը Թիֆլիս տանելու համար: Հայտնի է, որ շատ չանցած այս հիվանդությունը վերանում է քաղաքից: Վրաց թագավորը, այս հրաշքը տեսնելով, չի ցանկանում Ս. Գեղարդը վերադարձնել հայերին: Ս. Գեղարդը նույն պատճառով Թիֆլիս է տարվել նաև 1811, 1814 թթ., իսկ 1846-1847 թթ. շրջել Անդրկովկասում:
1847 թ. Ս. Գեղարդը վերադարձվեց Ս. Էջմիածնին և այլևս երբեք դուրս չտարվեց:

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս․ Թադեոսի և Ս․ Բարթողիմեոսի տոնը հռչակվել է Ս․ Գեղարդի ուխտի օր։

Վեհափառ Հայրապետը Տիրոջ խաչափայտի մասունքակիր Ս․ Խաչով և Ս. Գեղարդով Մյուռոնն օրհնելուց հետո այն տյառնագրում է նաև համաքրիստոնեական ու Հայոց աշխարհի պահապան սրբի, մեր հավատքի հոր` Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով, որը մեր ազգային-եկեղեցական գլխավոր սրբությունն է: Ուստի պատահական չէ դարերի ընթացքում ամրագրված այն մտածողությունը, որ որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունն է, այնտեղ պետք է լինի նաև նրա վավերականության կնիքը և խորհրդանիշը` Լուսավորչի Աջը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող բազկի և մատների տեսք ունեցող արծաթե պատյանում դեռևս Ե դարում ամփոփվել են առաքելաշավիղ մեր Հայրապետի՝ Ս. Գրիգորի աջ ձեռքի մասունքները: Նվիրական այս սրբությունը պատմության ընթացքում բաժնեկից է եղել մեր ազգի ձեռքբերումներին, պատուհասներին և վերելքներին, քաղաքական և կաթողիկոսական Աթոռի տեղափոխման դրդապատճառներով Հայոց Հայրապետների հետ դեգերել տարբեր վայրեր` մշտապես իր օրհնությունը բաշխելով հավատավոր հայությանը:

Այս Աջի հետ հայի կապվածությունը դիպուկ բնորոշել է ԺԷ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին` արձագրելով. «Աջի և Ս. Էջմիածնի հետ հայոց ողջ ազգն է կապված»: Բացի Մյուռոնօրհնությունից, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը դուրս է բերվում նաև բացառիկ և կարևոր տոների, իրադարձությունների ժամանակ, երբ հավատացյալներին հնարավորություն է տրվում մոտենալ սրբությանը և օրհնություն ստանալ բազմաչարչար Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարներից:

Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը դարերի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսների հետ տեղափոխվել է քաղաքից քաղաք` մնալով իբրև Կաթողիկոսության խորհրդանիշ և երաշխավոր:

1292 թ. Եգիպտոսի սուլթանի զորքերն արշավում են Կիլիկիա, գերեվարում Ստեփանոս Հայրապետին և իրենց հետ տանում բազում սրբություններ, այդ թվում` նաև Լուսավորչի Աջը: Եգիպտոսում համաճարակ է սկսվում, որը շատերի կյանքն է խլում: Ըստ ավանդության` պատճառը Ս. Աջն էր, որը եգիպտացիները վերադարձնում են հայերին: Իրականում Աջը վերադարձվում է Հեթում թագավորի ջանքերով, որը գնում է այն եգիպտացիներից:

439 թ. Սսի կաթողիկոսարանից անհետանում է Լուսավորչի Աջը: Հիշատակարանների գրիչները մեր ազգին բաժին հասած անհաջողությունները բացատրում են հատկապես Աջի անհայտացմամբ, որն էջմիածնասեր մի քանի եպիսկոպոսների ջանքերով տեղափոխվել էր Ս. Էջմիածին:

Ս. Գր. Լուսավորչի Աջը Մայր Աթոռից դուրս է բերվել նաև 1604 թ. պարսից Շահ Աբասի կողմից, որը կրկին վերադարձվեց 1663 թ.՝ այլևս չլքելով Ս. Էջմիածինը։

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան, որը 1895 թ. հունվարի 1-ին Ս. Էջմիածնին է նվիրաբերել Նոր Նախիջևանցի վաճառական Աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը: Այն պատրաստվել է Մոսկվայում` Պ. Օվչիննիկովի արհեստանոցում:

Կաթսայի վրա պատկերված են Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի ձեռքով, Աբգար արքայի մկրտությունը Ս. Թադեոս առաքյալի կողմից, արքայական ընտանիքի մկրտությունը Ս. Գր. Լուսավորչի ձեռամբ, Միածին Որդու էջքը, Մայր Տաճարը և Հոգեգալուստը: Կաթսայի գծագրության ծախսերը հոգացել է Հարություն Եզյանցը, իսկ կաթսայի վրայի ձուլածո կաղապարները պատրաստվել են Սերովբե Հարությունյանի տպարան-գործարանում:

Առաջին անգամ այս կաթսայում Ս. Մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը 1897 թ. սեպտեմբերի 14-ին:
Ուշագրավ է, որ Մյուռոնօրհնության համար շքեղ կաթսա ունենալու գաղափարի հեղինակը հայ նշանավոր գրող Ռաֆայել Պատկանյանն է: Նա 1889 թ. հունվարի 17-ին նամակ է գրում Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսին (1885-1891), որում հայցում է Վեհափառի օրհնությունը` համընդհանուր հանգանակություն կազմակերպելու կաթսայի համար.

Մեծանուն մտավորականը նամակում տալիս է նաև կաթսայի նկարագրությունը և նշում այն անձանց անունները, ովքեր պատրաստ են ֆինանսավորելու կաթսայի պատրաստումը: Ցավոք, Պատկանյանի այս նախաձեռնությունն այդ պահին իրականություն չի դառնում, այլ մի քանի տարի անց»: 

Դարեր շարունակ Ս. Մյուռոնն օրհնվելուց հետո բաշխվել է Վեհափառ Հայրապետի կողմից հայկական տարբեր գաղթօջախներ ուղարկված նվիրակների միջոցով: Նրանք շրջում էին հայկական համայնքներով, Ս. Էջմիածնի և Հայոց Հայրապետի օրհնությունը փոխանցում մարդկանց, Ս. Մյուռոնը բաժանում, ինչպես նաև հավաքում էին Մայր Աթոռին տրվող նվերները:

Նվիրակները չունեին հաստատուն նստավայր, ինչպես որ թեմակալ առաջնորդինն է: Լինելով Կաթողիկոսի ներկայացուցիչն այս կամ այն բնակավայրում` նրանք կարգավորում էին եկեղեցական համայնքների կյանքը և հաշվետու էին միայն Հայոց Հայրապետին:

Մյուռոնը հայկական գաղթօջախ տանելու մասին առաջին հիշատակություններից մեկը պահպանվել է Մեսրոպ Ա Արտազեցի (1359-1372) Կաթողիկոսի կոնդակում` ուղղված Լվովի հայությանը: Մեսրոպ Կաթողիկոսը կոնդակում նշում է, որ թեմի առաջնորդ է նշանակում Գրիգորիս Սրբազանին և նրա միջոցով նաև Մյուռոն է ուղարկում: Իսկ արդեն նվիրակի միջոցով Մյուռոնն արտերկիր տանելու մասին վաղագույն տեղեկությունը պահպանվել է լեհահայերին ուղղված Թեոդորոս Բ Կիլիկեցու (1382-1392) կոնդակում: Փաստորեն նվիրակն այն անձն էր, ով ապահովում էր Ս. Էջմիածնի և տվյալ համայնքի կապը` Ս. Մյուռոնի օգնությամբ հիշեցնելով նրանց իրենց հոգևոր ծննդյավայրի մասին:

Նվիրակներն իրենց հետ վերցնում էին Ս. Մյուռոնը և Հայրապետական կոնդակը, որով հաստատվում էր իրենց ինքնությունը և իրավասությունները, քանզի որոշ հոգևորականներ նվիրակի անվան տակ շահագործում էին մարդկանց և գցում Ս. Էջմիածնի հեղինակությունը: Այն ժամանակ չկային այսօրվա փոխադրամիջոցները, և նվիրակները ստիպված էին շրջագայել քարավաններով, նավերով և այլ հասանելի ձևերով: Նրանք ապահովագրված չէին բնական աղետներից, արհավիրքներից և ավազակների հարձակումներից, երբեմն էլ ընկնում էին տարբեր արկածների մեջ:

Այսպես` Ս. Էջմիածնի նվիրակ Հովհաննես Պոնտացի եպիսկոպոսը 1762 թ. հունվարի 20-ին Բասրայից նավ է նստում և 40 օր հետո հասնում է Հնդկաստանի Սուրաթ քաղաքը, այնտեղից էլ նավով ճանապարհ է ընկնում դեպի հայաշատ Կալկաթա: 60- օրյա նավավարությունից հետո, երբ գրեթե հասել էին Կալկաթային, փոթորիկը կործանում է նավը, նվիրակը և 4 այլ հայեր հրաշքով փրկվում են: Ցավոք, ջուրը տարել էր նվիրակի սնդուկը, որի մեջ էին Մյուռոնը, նրա գրքերը և կոնդակը:

 Աստծո նախախնամությամբ մի քանի օր անց սնդուկը պատահաբար հայտնվում է, որի մեջ անվնաս էր մնացել միայն Մյուռոնը: Բայց այդ դեպքից հետո էլ նվիրակը հանգստություն չի գտնում: Այնուհետև նա 40 օր շարունակ ստիպված է լինում փախչել առյուծներից` սնվելով ինչով կարող է: Վերջապես 1763 թ. հունվարի 15-ին նվիրակը հասնում է Հնդկաստանի Սեյդաբադ քաղաք, որն այսօր Կալկաթայից մեքենայով 4 ժամվա ճանապարհ է: Սա պատմական մի փաստ է, որը ցույց է տալիս, թե ինչպիսի´ դժվարություններ են հաղթահարել նվիրակները` ժողովրդին Մյուռոնը հասցնելու համար:

Ինչո՞ւ ենք ասում «Սրբալույս» կամ «կանաչ Մյուռոն»

Մյուռոնի մասին խոսելիս հաճախ գործածում ենք «Սրբալույս» մակդիրը, որն առաջին անգամ հայ մատենագրության մեջ կիրառել է Ս. Գրիգոր Նարեկացին իր անմահ «Աղոթամատյանի» 93-րդ գլխի խորագրում. «Մեկնողական աղոթք Մյուռոնի` Սրբալույս Յուղի մասին»: Նարեկի այս գլուխն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնի հոգևոր խորհրդի բացատրությանը: «Սրբալույս Մյուռոն» ասելով` նկատի ունենք, որ այդ Յուղից բխած լույսը սուրբ է, հոգևոր և պայծառ, որը լուսավորում է ամեն քրիստոնյայի:

Ժողովուրդը Ս. Յուղը նաև կոչում է «կանաչ Մյուռոն»: Կանաչը մշտադալարության և թարմության խորհուրդն ունի: Ինչքան թարմ է Մյուռոնը մեր ճակատին, այնքան մենք ավելի մաքուր և Ս. Հոգու շնորհներով զարդարված ենք: Բացի այս հոգևոր իմաստից, նկատի պետք է ունենալ, որ Մյուռոնի գլխավոր նյութերից ձիթայուղը կանաչավուն է, և այն տարիների ընթացքում գունափոխվում է և դառնում ավելի կանաչ:

Դարերի ընթացքում հայոց Մյուռոնի հրաշագործ զորության մասին բազում պատմություններ են ստեղծվել` ընդգծելով նրա զորությունն ու ուժը: Միջնադարում շրջանառված մի ավանդության համաձայն` 1023 թ. հունվարի 6-ին` Աստվածհայտնության տոնին, բյուզանդական կայսեր և ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը (1019-1058) Մաչկա կոչվող գետակի վրա կատարում է մեր ավանդական Ջրօրհնեքի կարգը: Կայսրը կարգադրում է, որ Հայոց Հայրապետը ծեսը կատարի հայկական ծեսով, իսկ հույները` իրենց: Նա հայերին ավելի բարձր տեղում է կանգնեցնում, քան հույներին:

Ըստ Կիրակոս Գանձակեցու († 1271) այս քայլի իմաստն այն էր, որ վերևում հայերի օրհնածը ներքևում հույները վերստին օրհնեին` այն կատարյալ դարձնելով: Արիստակես Լաստիվերցին (11 դ.) գրում է, որ երբ Վեհափառը Մյուռոնը կաթեցրեց, հանկարծակի ճառագայթող լույսի ցնցուղներ դուրս ելան ջրից, դա տեսան բոլոր հավաքվածները, փառաբանեցին Աստծուն և մեր հավատի զորությունը բարձրացավ: Հետագա պատմիչները ոչ միայն չեն բավարարվում երևացած լույսի հրաշքով, այլ նաև որոշ հավելումներ կատարում:

Սամվել Անեցին (12 դ.) նշում է, որ Պետրոս Կաթողիկոսը կանգնեցրեց գետը մի պահ, իսկ Գանձակեցին հավելում է, թե Հայոց Հայրապետի աղոթքի զորությունից գետի ջրերը ետ դարձան:

Գետադարձի անվան հետ է կապված մեկ այլ ուշագրավ փաստ: 1049 թ., երբ Կաթողիկոսը ստիպված էր Բյուզանդիա գնալ` մտածելով, որ գուցե այլևս չվերադառնա և մտահոգվելով Մյուռոնի մասին, նա Ախուրյան գետում երկաթե ամանների մեջ է թաքցնում շուրջ 400 լիտր Մյուռոն, որպեսզի այն հոռոմների ձեռքը չընկնի և ապականվի: Այս մասին է արձանագրում Մատթեոս Ուռհայեցին (11-12 դդ.) իր ժամանակագրության մեջ:

Դարերի ընթացքում Սրբալույս Մյուռոնը հայ մարդու համար դարձել է նվիրական սրբություն և ազգային դրոշմի խորհրդանիշ, որը միավորել է աշխարհացրիվ հայությանը` զանազան արտահայտությունների միջոցով արտացոլվելով նաև մեր հոգեբանության և մտածողության մեջ: Իր խոսքերին առավել ստուգություն հաղորդելու համար շատ անգամ կարելի է լսել «Էն կանաչ Մեռոնը վկա», երեխայի անմեղությունն ու մաքրությունը ցույց տալու համար «Մեռոնի հոտը դեռ գալիս է» ժողովրդական արտահայտությունները: Երբ ինչ-որ կեղտոտ բանի ենք ձեռք տալիս կամ ոչ ճիշտ բան ճաշակում, մեծերն ասում են` «Մեռոնվելիք եղանք», այսինքն` վերստին մաքրվելու համար Մեռոն է պետք:

Երբ մեկը սկսում է իրեն վատ պահել, ասում են` «Կանաչ մեռոնը պակասել է»: Երբեմն խմիչքի մաքուր և հաճելի լինելու դեպքում կարելի է լսել հետևյալ խոսքերը` «Ոնց որ Մեռոն լինի»: Շատ անգամ այն աղբյուրին, որը բժշկող զորություն ունի, անվանել են «Մեռոնաղբյուր»: Այս է պատճառը, որ մարդիկ հաճախ գալիս են եկեղեցի և մեռոնաջուր խնդրում իրենց հիվանդի համար: Մկրտության ժամանակ երեխային հագցվող զգեստը կոչվել է «Մեռոն լաթ»: Այսօր էլ մեծ կարևորություն է տրվում Մեռոնահանի արարողությանը: Ինչպես տեսնում ենք, ժողովրդական նմանատիպ խոսքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս հայ մարդու անսահման հարգանքն ու երկյուղածությունը Մյուռոնի հանդեպ:

Ժողովրդի կողմից Մյուռոնին ընծայված բացառիկ հարգանքի և սիրո մասին են վկայում նաև որոշ բառեր և արտահայտություններ:

Օրինակ՝
 ՄԵՌՈՆԵԼ-երբ քահանան Սրբալույս Մյուռոնով օծում է քրիստոնյայի մարմնի ինը մասերը: Այս բառը նաև օգտագործվում է չեղած բանը վավերացնելու իմաստով:

ՄԵՌՈՆ ԼԱԹ-Մկրտությունից հետո երեխայի նոր հագուստն է, որը խորհրդանշում է քրիստոնյայի` նոր մարդու ծնունդը Եկեղեցու Ս. Ավազանից:

ՄԵՌՈՆԱԾԱՂԻԿ-օգտագործվում գեղեցիկ և անուշահոտ ծաղկի տեսակի դեպքում: Հաճախ այն նույնացվում է Անթառամ ծաղկի հետ:

ՄԵՌՈՆԱԿԻՐ-արարողության ժամանակ Մեռոնը կրող կամ տանող պաշտոնյան է:

ՄԵՌՈՆԱՋՈՒՐ-նկատի ունի այն ջուրը, որի մեջ հեղվել է Մյուռոնը: Ժողովուրդը բազում բժշկումներ և հրաշքներ է կապում Մեռոնաջրի հետ:

ՄԵՌՈՆԱՄԱՆ-Մեռոնը պահելու ամանն է:

ՄԵՌՈՆԱՇԻՇ-Մյուռոնով շիշն է:

ՄԵՌՈՆԱԲՈՒՅՐ-Մեռոնի բույր ունեցող:

ՄԵՌՈՆԱՀԱՆ-բարեպաշտական մի արարողություն, որը կատարվում է Ս. Մկրտությունից երեք օր հետո, երբ ջրով լվանում են մկրտյալի օծված մասերը:

ՄԵՌՈՆԻ ԾԱՌ-այսպես են հաճախ կոչում Մյուռոնի պատրաստության երկրորդ կարևոր նյութը` բալասանը:

Հայ մարդու համար Մյուռոնն ավելին է, քան պարզ մի օրհնված յուղ: Այն հայ քրիստոնյայի կապն է իր նախնիների ու անցյալի հետ: Այս խորհրդական արարողության միջոցով ենք ճանապարհորդում դարերի միջով՝ սկսելով Քրիստոսով, Ս. Թադեոս առաքյալով, Ս. Գրիգոր Լուսավորչով, Նարեկացիով և հասնում մեր օրերը: Մյուռոնին հավատարիմ լինելը ոչ այլինչ է, եթե ոչ անմնացորդ նվիրում և հավատարմություն մեր Մայր Եկեղեցուն, ազգային-հոգևոր արժեքներին ու մեր Հայրենիքին: Ժողովուրդն ինքը մյուռոնված և չմյուռոնված լինելը կապել է նաև իր ազգային պատկանելիության հետ:

 Գարեգին Ա Հայրապետն այս մասին դիպուկ ասել է. «Հայաստանայց Եկեղեցւոյ միւռոնը հայութեան կնի՛քն է դարձած` ըլլալէ ետք կնիքը Ս. Հոգւոյն: Միւռոնով պայծառացած ճակատին համար կ՛ըսենք. «հայո՛ւ ճակատ». միւռոնուած մանուկի համար կ՛ըսենք. «հայո՛ւ որդի». երբ մկրտութենէն անմիջապէս ետք երեխան դրոշմի օծումն ընդունի իր ճակատին` կ՛ըսենք. «Ահա հիմա հայացաւ»:

Սրբալույս Մյուռոնը սովորաբար լցնում են աղավնաձև անոթների մեջ: Աղավնին Ս. Հոգու խորհրդանիշն է: Հիշենք, թե ինչպե´ս Ս. Հոգին աղավնու նման իջավ Հիսուսի վրա մկրտության ժամանակ: Այս է պատճառը, որ սրբապատկերներում և մանրանկարներում Ս. Հոգին աղավնու տեսքով է:

Մեռոնաթափերը պատրաստվում են թևատարած աղավնու, կամ որևէ ճյուղի վրա, կամ էլ գնդի վրա նստած աղավնու ձևով: Գունդը երկրագնդի խորհուրդն ունի: Աղավնաձև այս անոթները սովորաբար լինում են արծաթից և ոսկուց: Մյուռոնը լցվում է անոթի թիկունքից և թափվում նրա բերանից: Մեռոնաթափերը լինում են նաև ոչ աղավնաձև, որը պատվանդանով կլոր մի աման է և ունի Մյուռոնի ծորալու տեղ, վրան ծածկով և խաչով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}