Անամոթ. Ի՞նչ է կատարվում թիվ 157 դպրոցում
Նորք Մարաշ վարչական շրջանի թիվ 157 դպրոցում լարված իրավիճակ է առաջացել։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ նյարդայնացած խոսում է դպրոցի տնօրեն Նարինե Միրզոյանի հետ, նրան որակում «անամոթ»՝ պահանջելով, որ նա այդ դպրոցից դուրս գա։
Դպրոցի տնօրենն ի պատասխան հայտարարում է ՝ դիմելու է ոստիկանություն։
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի հրապարակումներից հասկանալի է, որ վեճն առաջացել է դպրոցին պատկանող մարզադահլիճի վերանորոգման հետևանքով։ Ավագանու անդամն իր միջոցներով ու ընկերների օգնությամբ վերացրել է դահլիճում առկա թերությունների մի մասը, մի փոքր կահավորել, որպեսզի այդտեղ կարողանան բասկետբոլ պարապեն Նորք Մարաշի մարզադպրոցի սաները։
Տնօրենի խոսքով, վերանորոգումից հետո դահլիճում փնթի վիճակ է, քանդել են պատը։
Panorama.am-ը զանգահարեց թիվ 157 դպրոց՝ խնդրելով պարզաբանել վեճի առարկան։ Նաև հարցրեցինք՝ արդյոք տեղի ունեցածի մասին տեղյակ պահե՞լ են իրավապահներին, մարզադահլիճը վերանորոգումն իրականացվել է պայմանագրի՞ հիման վրա։
Տնօրենն աշխատակցի միջոցով փոխանցեց՝ իրավապահներին դեռ չեն դիմել։
«Դեռ ոչ, եթե դեպքը կրկնվի ևս մեկ անգամ, անպայման ահազանգելու ենք»,-փոխանցեցին դպրոցից։
Այլ հարցերի չպատասխանեցին։
«Ասա՝ ցտեսություն, անջատի»,-կողքից ցուցումներ էր տալիս տնօրեն Միրզոյանը։
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը Panorama.am-ին ասաց՝ ինքն ընկերների հետ վերանորոգել է դահլիճը, լցրել հատակին եղած փոսերը, բերել ու տեղադրել բասկետբոլի նոր օղակներ՝ ընդհանուր առմամբ 1500-2000 դոլարի չափով ծախս կատարել, որպեսզի դահլիճում պարապելու հնարավորություն ունենան երեխաները, այդ թվում իր տասնամյա դուստրը։
Ավագանու անդամի խոսքով, դպրոցի մարզադահլիճը նույնիսկ լուսավորություն չունի, և Նորք Մարաշի մարզադպրոցն աշխատում է դրա լուծման ուղղությամբ։
«Տնօրենն ասում է՝ ինչո՞ւ եք ցածր դրել օղակները։ Բայց ես համաձայնացրել եմ մարզադպրոցի հետ։ Հայաստանում բասկետբոլի զարգացման համար շատ կարևոր են օղակները, որոնք տեղադրվում են ավելի կարճ բարձրության վրա, որպեսզի փոքր երեխաները, ովքեր բավարար ուժ չունեն, կարող են վաղ սկսել պարապել։ Այսպիսով, մենք օգտագործեցինք այս մարզասրահի կողային հատվածը, որպեսզի օղակները տեղադրենք 2,6 մետր բարձրության վրա՝ 3,05-ի փոխարեն, ինչպես դա անում են ԱՄՆ-ում, որտեղ երեխաները սկսում են խաղալ մոտ 5 տարեկանից: Սա պետք է չափանիշ դառնա Հայաստանի բոլոր մարզադահլիճներում, որպեսզի զարգանա բասկետբոլը»,-նշեց Զարոկյանը։
«Ես հանել եմ փայտե ձողերը, որոնք ամրացված էին պատին, իսկ տնօրենն ասում է՝ պատն եմ քանդել։ Նա ՔՊ-ական է, տարիներ շարունակ դպրոցի համար ոչ մի բան չի արել, իսկ հիմա ուզում է խնդիրը քաղաքական դարձնել, ինձ ասում է՝ Ավինյանին կասեմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Զարոկյանը՝ նշելով, որ Նարինե Միրզոյանը պետք է հեռանա այդ դպրոցից։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։