2018-2023 թվականներին գյուղատնտեսությունը կրճատվել է 16.2%-ով.Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է.
«Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը ցուցաբերել է տպավորիչ աճ՝ 2022 թվականին հասնելով 12.6%-ի: Սակայն այս թվերի հետևում թաքնված են մի շարք մտահոգիչ միտումներ, որոնք կասկածի տակ են դնում այս աճի կայունությունը և երկարաժամկետ հեռանկարները:
Տնտեսական աճի պատրանքը
Առաջին գծապատկերը ցույց է տալիս Հայաստանի տնտեսական աճի դինամիկան վերջին տարիներին: Թեև վերջին տարիներին աճի տեմպերը տպավորիչ են եղել, կարևոր է նշել, որ Հայաստանի երկարաժամկետ միջին աճը կազմում է 4.5%: Ցանկացած համակարգ ձգտում է վերադառնալ իր միջին արժեքին, եթե չկան հիմնարար որակական փոփոխություններ: Որակական փոփոխություններ կարող է ապահովել արտադրության զարգացումը, որը կարող է երաշխավորել երկարաժամկետ կայուն ավելացված արժեքի ստեղծում: Հայաստանի տնտեսական աճը հիմնականում ապահովվում է արտաքին միտումներով, որոնք հիմնականում ունեն կարճաժամկետ բնույթ:
Հայաստանի կառավարությունը 2025 թվականի համար սահմանել է 5.6% աճի թիրախ, ինչը զգալիորեն ցածր է նախկինում սահմանված 7% երկարաժամկետ նպատակից: Սակայն նույնիսկ այս 5.6% թիրախը կարող է չափազանց լավատեսական լինել՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության կառուցվածքային խնդիրները (Կարդացեք ավելին՝ Թանկարժեք էֆեկտ․ 2024 թվականի տնտեսական աճի պատճառները)։ Հայաստանի ՀՆԱ-ի ողջամիտ միջին-երկարաժամկետ աճի ներուժը միջինում գնահատվում է մոտ 4.5 տոկոս: Հենց այս թվին կձգտի մեր տնտեսությունը, եթե համակարգը որակական փոփոխությունների չենթարկվի:
Աճի շարժիչ ուժերի վերլուծություն
Երկրորդ գծապատկերն արտացոլում է Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքը ըստ տնտեսության ճյուղերի: Ակնհայտ է, որ վերջին տարիներին տեղի է ունեցել զգալի փոփոխություն՝ գյուղատնտեսության դերի նվազմամբ և ծառայությունների ոլորտի աճով: 2018 թվականին գյուղատնտեսությունն առաջին տեղում էր՝ ապահովելով տնտեսության 16.4 տոկոսը, իսկ այս պահին այն իջել է 4-րդ հորիզոնական՝ ապահովելով տնտեսության ընդամենը 9.0 տոկոսը:
Երրորդ գծապատկերը ցույց է տալիս տնտեսության տարբեր ճյուղերի գումարային աճի տեմպերը 2018-2023 թվականներին: Հատկանշական է, որ գյուղատնտեսությունը կրճատվել է 16.2%-ով, մինչդեռ տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսական ծառայությունների ոլորտները գրանցել են զգալի աճ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել Ռուսաստանից կապիտալի մեծ քանակության և ՏՏ ոլորտի աշխատողների ներհոսքով:
Արտաքին գործոնների դերը
Հայաստանի տնտեսական աճը վերջին տարիներին մեծապես պայմանավորված է եղել արտաքին գործոններով:
2022 թվականին Ռուսաստանից զգալի կապիտալի ներհոսք եղավ՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ: Տնտեսության 80 տոկոս աճը պայմանավորված է էկզոգեն գործոններով (Կարդացեք ավելին՝ Կապիտալի ներհոսքից մինչև արտահոսք. Հայաստանի տնտեսական հրաշքի ներքին խոհանոցը):
2023 թվականի նոյեմբերից սկսած՝ խոշորածավալ ոսկու վերաարտահանումը բարձրացրեց աճի ցուցանիշները: Ոսկու վերաարտահանումն այսօր հասել է Հայաստանից ողջ արտահանման 71%-ի, որը և ապահովել է վերջին ամիսների տնտեսական աճը (Կարդացեք ավելին՝ Հայաստան` ռուսական ոսկու հանգրվան)
Աճը հիմնականում ապահովվում է առևտրի, անշարժ գույքի և ֆինանսական ծառայությունների կողմից, որոնք կախված են արտաքին գործոններից:
Այս գործոնները, թեև կարճաժամկետ խթան են հանդիսանում, չեն ներկայացնում կայուն, երկարաժամկետ տնտեսական աճի շարժիչ ուժեր:
Վիճակագրության վերանայում և իրական պատկերը
Հատկանշական է, որ 2023 թվականի օգոստոսին Վիճակագրական կոմիտեն վերանայել է տնտեսական աճի ցուցանիշները: Առաջին եռամսյակի 9.2% աճը վերանայվել է՝ հասնելով 6.6%-ի: Նմանապես, 2023 թվականի 4-րդ եռամսյակի ցուցանիշը ճշգրտվել է 7.7%-ից մինչև 6.4%: Սա ոչ թե մանր ճշգրտում է, այլ Հայաստանի տնտեսական իրականության արմատական վերագնահատում...։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնական վիճակագրությամբ արտահանման աննախադեպ աճ կա, սակայն իրականությունն այլ է. Աղասի Թավադյան
- ՀՀ քաղաքացիների գրանցած ՏՏ կազմակերպությունները 6 ամսում կրճատվել են մոտ 4.4 անգամ. Աղասի Թավադյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին