Գլխավոր դատախազություն. 2024 թ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 314,6 մլն դրամ
«Մի քննարկման ժամանակ նախորդ տարի, երբ հարց հնչեցվեց, թե ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված որքա՞ն գումար է եկել պետական բյուջե, պարզվեց, որ պետական բյուջե գումար փոխանցված չէ։ Պետական բյուջե չի գնում, բայց ո՞ւր է գնում։ Դա օդում կախված հանգամանք է»,-այս մասին սեպտեմբերի 13-ին 5-րդ ալիքի եթերում հայտարարել է (9:29-ին) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Հարցազրույցից հետո Panorama.am-ը գրավոր հարցումներ է ուղղել ՀՀ կառավարությանը, Ֆինանսների նախարարությանը, գլխավոր դատախազությանը։
Կառավարությունը ստացած հարցումը վերահասցեագրել էր Ֆինանսների նախարարությունն, այստեղից պատասխանեցին. «Գանձապետարանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում ՀՀ պետական բյուջե ստացված միջոցների առանձնացված հաշիվ չի վարվում»։
Փոխարենը գլխավոր դատախազությունից մանրամասն կերպով ներկայացրել են գործընթացի արդյունքները.
Panorama.am-Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բռնագանձման արդյունքում որքա՞ն գումար է մուտքագրվել պետական բյուջե։
Գլխավոր դատախազություն-«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու պահից ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ՝ Իրավասու մարմին) և պատասխանողների միջև կնքվել է հաշտության 8 համաձայնություն, որոնք հաստատվել են դատարանի կողմից:
Կնքված հաշտության համաձայնությունների արդյունքում ՀՀ սեփականությանը փոխանցվել է 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև պետական բյուջե է փոխանցվելու շուրջ 937 մլն դրամ, որից 364,566,167 ՀՀ դրամն արդեն իսկ փոխանցվել է:
Բացի այդ, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված 3 վճիռների համաձայն՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի 5 անշարժ և 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 1 միլիարդ 123 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև շուրջ 1 միլիարդ 800 միլիոն ՀՀ դրամ (վճիռները դեռևս չեն մտել օրինական ուժի մեջ):
Panorama.am-2024-ի ընթացքում որքա՞ն կազմել բռնագանձման արդյունքում պետական բյուջե մուտքագրված գումարը։
Գլխավոր դատախազություն-2024 թվականին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 314,566,167 ՀՀ դրամ:
Panorama.am-Ինչպե՞ս են ծախսվել, ի՞նչ նպատակի են ծառայել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում բյուջե վերադարձված գումարներները։ Խնդրում եմ տեղեկատվությունը տրամադրել ըստ տարիների ու ըստ նպատակի։
Գլխավոր դատախազություն-Հայտնում ենք, որ կառավարության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթի շրջանակում բռնագանձված միջոցների օգտագործման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում տվյալներ առկա չեն:
Panorama.am-Կառավարությունում գո՞հ են բռնագանձման ցուցանիշներից։ Եթե ոչ, ինչո՞ւ։
Գլխավոր դատախազություն-Իրավասու մարմինը շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, որոնց շրջանակում այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է 112 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1240 անշարժ և 235 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 320 իրավաբանական անձանցում մասնակցություն:
Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 568 միլիարդ ՀՀ դրամ: Ընդհանուր հայցագնի մեջ ներառված չէ իրավաբանական անձանցում մասնակցության, ինչպես նաև մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները