Այսօր Հայաստանում մեկնարկում է առաջին համազգային Գիտության շաբաթը
Այսօր մեկնարկում է Հայաստանի առաջին համազգային «Գիտության շաբաթը»։ Հոկտեմբերի 1-ից 6-ը Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, իսկ մարզերում՝ ապակենտրոնացված միջոցառումներ։
«Գիտության շաբաթը» ներառում է բազմաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են գիտության հանրահռչակմանը և տարբեր հասարակական խմբերի ներգրավմանը։ Այս տարվա միջոցառումների հիմնական թեման՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը», ընդգծում է մեր միասնական ջանքերը՝ գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում դարձնելու առաջնահերթություն և զարգացման հիմնական գործիք։ Միջոցառումների ծրագիրը մշակվել է ոլորտի լավագույն մասնագետների և կազմակերպությունների ներգրավմամբ՝ ապահովելով հարուստ և բազմազան բովանդակություն։
Գիտության փառատոնը, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ից 6-ը, ժամը 15:00-ից 21:00-ը, համախմբելու է գիտական ինստիտուտներ, համալսարաններ, կրթական և տեխնոլոգիական համայնքներ և ընկերություններ։ Փառատոնն ունենալու է երեք թեմատիկ բաժին:
1. Հոկտեմբերի 1-2՝ «Գիտությունն ամենուրեք»
Այցելուները հնարավորություն կունենան գիտափորձերի, գիտնականների հետ հանդիպումների, ցուցադրությունների ու քննարկումների միջոցով բացահայտելու գիտության տարբեր ոլորտները՝ տիեզերագիտությունից և մարդաբանությունից մինչև մոլեկուլային կենսաբանություն: Նրանց կներկայացվեն նաև գիտության զարգացման ուղիները՝ պարզ մտահաղացումներից մինչև ժամանակակից գիտական սարքավորումներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև Հայաստանում իրականացվող գիտական հետազոտությունները։
2. Հոկտեմբերի 3-4՝ «Ապագա գիտնականները»
Մասնագիտական կողմնորոշում։ Այստեղ երեխաներն ու երիտասարդները կկարողանան իմանալ, թե ինչու դառնալ ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան, մաթեմատիկոս կամ մարդաբան, ինչպես նաև կծանոթանան այլ գիտակարգերի հետ: Մասնակիցները կհանդիպեն գիտնականների հետ, որոնք կպատմեն իրենց ոլորտների առանձնահատկությունների մասին և կօգնեն կողմնորոշվել ապագա մասնագիտական ընտրության հարցում։
3. Հոկտեմբերի 5-6՝ «Գիտական ֆանտաստիկա. երևակայի՛ր»
Գիտական ֆանտաստիկան միշտ էլ ոգեշնչման աղբյուր է եղել գիտնականների համար՝ թույլ տալով երևակայականը դարձնել իրականություն: Այս օրերին փառատոնը նվիրված կլինի գիտական ֆանտաստիկայի աշխարհի ուսումնասիրությանը՝ գրականությունից մինչև կինո, կոմիքսներից մինչև գեղանկարչություն։ Այցելուները կտեսնեն իրենց սիրելի հերոսներին, կլսեն հետաքրքիր պատմություններ և կմասնակցեն տարբեր մրցույթների։
Ազատության հրապարակում անցկացվող միջոցառումների հետ միասին, բոլոր վեց օրերի ընթացքում Գիտության շաբաթվա կենտրոնական տաղավարում տեղի կունենան վարպետաց դասեր, քննարկումներ, դասախոսություններ և սեմինարներ։
Օրակարգին կարելի է ծանոթանալ Գիտության շաբաթվա պաշտոնական կայքում։
Ավելին՝ Գիտության շաբաթը լինելու է նաև ապակենտրոնացված. միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի մարզերում՝ մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում՝ նպատակ ունենալով գիտությունը հասանելի դարձնել ավելի լայն լսարանին։ Մանկապարտեզների և դպրոցների համար նախատեսված միջոցառումների փաթեթը ներառում է հետաքրքիր գիտափորձեր, ինժեներական նախագծեր և այլ միջոցառումներ, որոնք կզարգացնեն երեխաների հմտությունները և կխթանեն նրանց հետաքրքրությունը գիտության հանդեպ։
Բուհերի համար մշակված ծրագրերում առանցքային դեր է տրվում միջգիտակարգային համագործակցությանը, որը հնարավորություն կտա ուսանողներին ծանոթանալ գիտության նորագույն ուղղություններին։
Գիտության շաբաթը նախաձեռնել և իրագործում է «Գիտուժ» նախաձեռնությունը։
Միջոցառումն իրականացվում է ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան