ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան
«Սահմանադրական դատարանի որոշումը պարզապես խայտառակ որոշում է, քաղաքական որոշում է։ Այն Սահմանադրության ճիշտ մեկնաբանման հետ որևէ աղերս չունի»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ մեկնաբանելով ՍԴ սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշումն ու դրա՝ Անկախության հռչակագրին վերաբերող հատվածը։
Նրա խոսքով, Սահմանադրական դատարանը պարզապես որոշել է, որ Անկախության հռչակագիրը պարզապես մի պատմական փաստաթուղթ է, որը ոչ մի իրավական նշանակություն հայ ժողովրդի համազգային նպատակների տեսանկյունից ընդհանրապես չունի։
«Սա խայտառակություն է։ Երբ Սահմանադրությունն ընդունվում էր, սահմանադրի կամքը շատ հստակ էր՝ Անկախության մասին հռչակագրում հռչակված համազգային նպատակներն ամրագրվեցին Սահմանադրության նախաբանում, այսինքն դարձան Սահմանադրության բաղադրատարր, և բնականաբար իրենք՝ որպես Սահմանադրության բաղադրատարր պահապանում են իրենց իրավաբանական ուժը, իրենց իրավաբանական նշանակությունը։ Ցավոք սրտի, Սահմանադրական դատարանը որոշել է, որ դա այդպես չէ, ինչ-որ մտացածին փաստարկներով փորձել է ապացուցել անապացուցելին։ Սահմանադրական դատարանը, ըստ էության, փաստարկում է, եթե Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակներն ուղղակիորեն չեն ամրագրվել Սահմանադրության կոնկրետ հոդվածներում, ապա այդ համազգային նպատակները գոյություն չունեն։ Սա անհեթեթ մեկնաբանություն է, կրկնում եմ՝ որևէ առնչություն չունի սահմանադրի կամքի հետ»,-ասաց Պողոսյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է որևէ կերպ ՍԴ այդ որոշումը չեղարկել, կասկածի տակ դնել իրավական առումով, փորձագետը պատասխանեց՝ ոչ։
«Իրավական առումով դա անհնար է կասկածի տակ դնել։ Այն վերջնական է, Սահմանադրությունը և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը հստակ սահմանում են, որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն։ Ըստ էության, Սահմանադրական դատարանը, լինելով քաղաքական իշխանության կցորդ, առաջ ացնելով քաղաքական իշխանությունից, Ադրբեջանին ուղերձ է հղում, որ Արցախի կլանումը Ադրբեջանի կողմից համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը։ Այսինքն այն փաստարկները, որ Ադրբեջանը բերում էր կապված Հայաստանի Սահմանադրության հետ, հիմա Հայաստանի քաղաքական իշխանությունը Սահմանադրական դատարանի միջոցով Ադրբեջանին ուղերձ է հղում, որ անհագստաալու որևէ առիթ չկա, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը ՍԴ-ն մեկնաբանում է այնպես, որ որևէ հակասահմանադրական բան չկա, եթե Արցախն Ադրբեջանի կազմում է»,-մանրամասնեց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- Գոհար Մելոյան. ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է
- Եթե մեր ՍԴ-ն կորոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն. Փաշինյան
- Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
- ՍԴ-ն այսօր կքննի ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգի սահմանադրականության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան