Կրթություն, գիտություն 17:07 01/10/2024 Հայաստան

Չունենք գիտական հետազոտությունների միջոցով մեր երկրի խնդիրների լուծման որևէ ռազմավարություն. «Գիտուժ»-ի անդամ

«Մենք ուզում ենք մեր հասարակությունն ավելի գիտելիքահեն, փաստահեն հետաքրքրություններ դրսևորի, գիտության, նոր գիտելիքի ստեղծման հանդեպ ավելի մեծ հետաքրքրություն, պահանջ ձևավորվի»,-  Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Գիտուժ» նախաձեռնության անդամ, ճարտարագետ ու ձեռներեց Տիգրան Շահվերդյանը՝ նշելով, որ այսօր մեկնարկած «Գիտության շաբաթը» հենց միտված է այդ նպատակին։ 

Նրա խոսքով, իրենց նպատակն է երիտասարդությունը շատ ավելի հետաքրքրվի գիտությամբ և ընտրի մասնագիտական ուղղություններ՝ գիտական, ճարտարագիտական, քանի որ դա շատ կարևոր է մեր երկրի համար։ 

Տ. Շահվերդյանը դժվարացավ ասել, թե այսօր երիտասարդները գիտության որ ճյուղն են ընտրում. «Այդ ամեն ինչը շատ ավելի պրակտիկ նպատակներից է հաճախ գալիս, թե ինչն է ավելի տարածված, լուսաբանվում, օրինակ՝ արհեստական բանականություն կամ ծրագրավորում, որն, իրականում, վատ եզրույթ է։

Ավելի ճիշտ՝ ձգտում պետք է լինի դառնալ ծրագրային ինժեներ կամ ճարտարագետ։ Եթե խոսում ենք ծրագրավորման լեզուների մասին, դրանք գործիքներ են, առաջին հերթին նպատակը պետք է լինի դառնալ ճարտարագետ, ով խնդիրներ է վերհանում, նախագծում, լուծումներ է  տալիս։ Սա ավելի կարևոր է ու արժեքավոր հմտություն է, որը բարձր է գնահատվում, վարձարվում»,- ասաց Տ. Շահվերդյանը։

Տ.Շահվերդյանի խոսքով, բնականաբար, նման շաբաթների, միջոցառումների անցկացումը բավարար չէ երիտասարդներին դեպի գիտությունը «բերելու» համար։

«Ցավոք սրտի, մենք համապարփակ քաղաքականություն չունենք։ Մենք չունենք գիտական հետազոտությունների, փորձարարական մշակումների միջոցով մեր երկրի խնդիրների լուծման որևէ ռազմավարություն, քաղաքականություն, չունենք նորարարության որևէ ռազմավարություն, քաղաքականություն։

Այն քայլերը, փոփոխությունները, որոնք հիմա արվում են, մասնակի են, կիսաքայլեր են։

Երբ որ մենք սկսում էինք որպես նախաձեռնություն, խոսում էինք «հզոր գիտություն, հզոր պետություն» կարգախոսով։ Իզուր չէր այդպես ընտրված, որովհետև տեսնում էինք հզոր գիտությամբ մեր պետությունն ավելի ուժեղացնելու, զարգացնելու գործիքակազմ։ Այս 3-3,5 տարվա ընթացքում տեսնում ենք, որ դա մասնամբ է ընկալված։ Տեսնում ենք որոշ նախաձեռնություններ, օրենքի նախագծեր, որոնք, կարծես, միտված են հզոր գիտությանը, բայց կապը, թե դա ինչքանով է նպաստելու մեր երկրի կարիքների լուծմանը, շատ լղոզված է, վերացական։

Թիրախավորումը՝ ակադեմիական  արդյունքներ, տպագրություններ, դրանց որակ, որը կարևոր է, բայց ի սկզբանե պետք է թիրախավորված լինեն այն ուղղությունները, որոնք կարևոր են մեր երկրի համար»,- ասաց Տ.Շահվերդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}