Ք. Վարդանյան. Այսօր շնորհակալագրեր են ստանում մարդիկ, որոնք ուղղակի վնասել են Երևան քաղաքին
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Զորավոր Անդրանիկի արձանի հարևանությամբ նորաստեղծ պուրակի տույաները քաղաքային իշխանությունները վաղ թե ուշ կրկին ստիպված են լինելու փոխարինել այլ ծառերով։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը՝ մանրամասնելով, որ այդ ծառերն աճում են ստվերի պայմաններում, մինչդեռ այդ պուրակում ստվեր ապահովված չէ։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ստեղծած պուրակում 214 հզ դրամով ձեռք բերած ու տնկած տույաների մեծ մասը չորացել էր։ Քաղաքային իշխանությունն իր հետ պայմանագիր կնքած ընկերությանը պարտավորեցրել է չորացած ծառերը փոխարինել նորերով։ Մոտ 500 քմ մակերեսով տարածքը բարեկարգում է 2017 թ. հիմնադրված «ԱՎԵՏԻՍՅԱՆ ՇԻՆ ՄՈՆՏԱԺ» ԱՊԸ-ն մոտ 349 մլն դրամով։
«Երբ լսեցի, թե ինչքան գումար է ծախսվել այդ պուրակը բարեկարգելու համար... ուղղակի խոսք չունեմ ասելու։ Բացի այդ ազգային սրբություններ կան, չէր կարելի Զորավար Անդրանիկի արձանի տակ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ ծախսել մեկ մլն դոլար ու չստանալ ոչ մի բան։ Հիմա այդ պուրակում քանի՞ հոգի է հանգստանում: Ինքս կառաջարկեի այստեղ Անդրանիկ Օզանյանի ծննդավայրի՝ Շապին–Գարահիսար քաղաքին բնորոշ բույսեր տնկել, հետաքրքիր խմբավորումներ անել, միջավայր ստեղծել, ամեն ինչում գաղափար պետք է լինի… Թե չէ, տույա, հա տույա… Կանաչապատումն իր լեզուն ունի, որին տիրապետել է պետք»,-նշեց նա։
Մասնագետի խոսքով, այս քաղաքային իշխանության կողմից իրականացվող կանաչապատումը չի լուծում էկոլոգիական խնդիրները, ինչպիսիք են փոշու, արտանետումների շատ բարձր մակարդակը, բնակչությանը բարձր ջերմաստիճանից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելը։
«Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են խիտ սաղարթ ունեցող ծառեր։ Մարդիկ, որոնք այսօր Երևանում կանաչապատում են իրականացնում, չեն պաշտպանում որևէ նորմատիվ, նրանք անում են գեղազարդ կանաչապատում։ Իսկ գրագետ կանաչապատումն ասում է հետևյալը՝ գեղեցիկ է, եթե գրագետ է։ Երբ ուզում ենք բարձր սանդղակ ունենալ, պետք է առաջնորդվենք գիտական սանդղակով, ոչ թե անհատների ճաշակով։ Փողոցների համար ծառի ընտրություն անելիս մենք պետք է ընտրենք փոշին ամենալավ կլանող, ամենալավ ստվերացում ապահովող, ճառագայթներից ամենալավ պաշտպանող բույսը»,-ասաց Քրիստինա Վարդանյանը՝ ընդգծելով, որ Թումանյան, Սայաթ-Նովա փողոցներում առողջ ծառերը փոխարինել են գնդաձև սոսիներով, հուդայածառերով, ինչի հետևանքով այդ փողոցներում այսօր ոչ մի ստվեր չկա։
Մասնագետը համոզված է, որ առաջիկայում քաղաքային իշխանությունը կանգնելու է այս ծառերը փոխարինելու խնդրի առաջ։
«Այսօր շնորհակալագրեր են ստանում մարդիկ, որոնք ուղղակի վնասել են Երևան քաղաքին։ Իսկ գիտությունը թիվ է, տրամադրություն, նախասիրություն չէ։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ Թումանյան փողոցում հատելու ենթակա ծառ չի եղել։ Սպանդից փրկված մի թեղի է մնացել, տեսեք՝ ինչքան լավ վիճակում է»,-ասաց նա։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ իրավապահները տեղից կշարժվեն, չորացած տույաները փոխարինվել են նորերով
- Ահազանգ. Սայաթ-Նովա փողոցում քաղաքապետարանի տնկած սոսիները համատարած չորանում են
- Մեկ տույան գնել են 214 հազար դրամով. Նոր մանրամասներ չորացած պուրակի ծախսերից
- Քաղաքապետարանի երեք ամիս առաջ հիմնած պուրակը՝ չորացած ու խոտի մեջ կորած
- Ավինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. Ահազանգ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան