Նիկոլ Փաշինյանն իր հանցանքները մենակ չի գործում․ Վարդանյան
«Մենք գործ ունենք ապաշնորհ մի թիմի՞, որը չի կարողանում լուծել խնդիրները, թե՞ մտածված դավաճանական ծրագրի հետ, որտեղ յուրաքանչյուր քայլը հաշվարկված է»,- ԱԺ հայտարարությունների ժամին այս հարցով իր խոսքն սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ մի կողմից գործ ունենք մի թիմի հետ, որը խոստանում է ամեն ինչ, սակայն չի կարողանում անել ոչինչ։
«Օրինակ՝ փողոցային առևտրին պատերազմ է հայտարարում և պարտվում է ինքն իր հայտարարած պատերազմում։ Չի կարողանում որևէ գործարան կառուցել, արդեն որերորդ տարին է խոստում է տվել մետրոյի կայարան կառուցել Աջափնյակում, բայց տեսնում ենք՝ ուր ենք հասել։ Մարդկանց մոտ բնական հարց է առաջանում՝ լավ, էս թիմը ո՞նց կարող է որևէ բան անել, ուր մնաց պլանավորել ու դավաճանական ինչ-որ ծրագիր իրականացնել հաջորդականությամբ։ Բայց խնդիրը նրանում է, որ մենք 180 %-ով այլ պատկեր ենք տեսնում այն տեղերում, որտեղ իրենց է պետք, օրինակ՝ իշխանության պահպանման մեջ։ Ինչի վառ օրինակն է Սահմանադրական դատարանը»,- ասաց Վարդանյանը։
Նա հիշեցրեց, որ 2019թ․ին Սահմնադրական դատարանը զավթվեց նրա համար, որ բերվեն փաստաթղթեր ու հաստատվեն։
«Հենց այստեղ ենք տեսնում, որ երկրի պաշտպանության, տնտեսության հարցերում մարդիկ ապաշնորհ են, ինչ վերաբերում է իշխանության պահպանմանը՝ այստեղ կարողանում են տարիների հաշվարկ անել։ Տեղի է ունեցել այն, որ Սահմնադրական դատարանը կատարել է Իլհամ Ալիևի պահանջը»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով․
«Նիկոլ Փաշինյանն իր հանցանքները մենակ չի գործում, գնալով ընդլայնում է հանցակիցների թիմը։ Վստահ եմ՝ ՍԴ-ում շատ լավ գիտեն, թե ինչ են արել իրենք»։