Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Արեգ Լուսինյանը
89 տարեկնում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը։ Լուրը հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։
Արեգ Լուսինյանը ծնվել է 1935 թվականին Ախալցխայում։ 1952-1956 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում` Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանում, 1956-1961 թվականներին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գրիգոր Եղիազարյանի, Ղազարոս Սարյանի կոմպոզիցիայի դասարաններում։
Լուսինյանը հեղինակել և տպագրել է երաժշտությանը վերաբերող մի շարք գործեր՝ «Երաժշտությունը մանկապարտեզում» ձեռնարկ, «Լարային կվարտետ թիվ 1», «Լույսը հաղթության», «Հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ», 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների Երաժշտություն առարկայի դասագրքեր և դրանց ձեռնարկը, «Աֆորիզմներ և փիլիսոփայական մտորումներ» և այլն։
Արեգ Լուսինյանը մեծակտավ, կամերային-գործիքային, վոկալ երկերի, ինչպես նաև մանուկների ու պատանիների համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։ Հրատարակված 76 հեղինակային և շուրջ 200 (Երևանում, Մոսկվայում, Բեյրութում, Կիևում, ԱՄՆ-ում, Թեհրանում) ժողովածուներում հազարի հասնող ստեղծագործությունների հեղինակ է։
Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում ներառված են նրա 300 ստեղծագործությունների ձայնագրությունները։ Կան ձայնագրություններ նաև այլ երկրների ռադիոֆոնդերում։ Կոմպոզիտորի ստեղծագործություններից մի քանիսը զետեղված են նաև խորհրդային «Մելոդիա» ֆիրմայի թողարկած ձայներիզներում։
Կոմպոզիտորի բազմաթիվ ստեղծագործություններ արժանացել են համամիութենական և հանրապետական տարբեր մրցանակների ու խրախուսական պարգևների։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան