Ունենք վատ կառավարման համակարգ, որտեղ առանձին օղակներ պարզապես անտանելի են. Բաբկեն Պիպոյան
Ռուսական «Ռոսպոտրեբնադզորը» ամիսներ առաջ հայտարարեց, թե Հայաստանից արտահանվող գյուղմթերքում հայտնաբերվել է թունաքիմիկատների մնացորդներ։ Հայտարարությունը դիտարկվեց հայ-ռուսական քաղաքական վատ հարաբերությունների համատեքստում,սակայն քիչ խոսվեց, որ այդ նույն վտանգավոր գյուղմթերքը սպխառում է նաև ՀՀ քաղաքացին։ Ինչքանով է հայ սպառողը պաշտպանված վտանգավոր գյուղմթերք և ընդհանրապես՝ սննդամթերք օգտագործելու ռիսկից։ Ինչ քաղաքականություն է վարում պետությունը երկրի համար կարևոր, ռազմավարական խնդրի՝ սննդի անվտանգության խնդրու։ Այս հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցի տաղավարում իր կարծիքը հայտնեց «Իրազեկ և պաշտպանված» հասարկական կազմակերպության նախագահ Պաբկեն Պիպոյանը։
Հարցազրույցում հնչած հիմնական թեզերի առաջին մասը ստորև.
•Ցավոք սրտի, մեր սպառողը պաշտպանված չէ։ Չպետք է մոռանանք, որ մենք առաջին հերթին գործ ունենք մեր հասարակության, նրա առողջության հետ, հետո նոր մնացած հարցերի։ Ցավոք Հայաստանում անվտանգության երաշխիքների համակարգ ստեղծված չէ։
•Օրինակ, ինչ-որ ասոցիացիա Ռուսաստանում կարո՞ղ էր իրեն թույլ տալ հայտարարություն անել, թե Ռուսաստանն այն պետությունը չէ, որտեղ ամեն ասոցիացիա կարողանա հանգիստ արտահայտվել։ Սա է ամբողջ քաղաքական համատեքստը։ Անգամ եթե համարենք, որ ՌԴ-ն այդ երկիրը չէ, ապա այդ հայտարարությանը հայկական կողմի արձագանքն ավելի վատն էր, քան այդ նույն հայտարարությունը և հայ-ռուսական հարաբերությունները։
•Այն ահազանգը, որ հնչում է ռուսական կողմից, ուղիղ իմաստով սննդի անվտանգության խնդիր էր,ավելին, այն դիտարկումը, որ արվել էր և այն սանկցիայի ձևը, որ կիրառվել էր ամենամեղմ ձևն էր, որ կարող էին կիրառվել։
•Մենք 2019 թվականին ունեցել ենք մոնիթորինգի խայտառակ վատ վիճակ պեստիցիդների մնացորդ, 2020 թվականին էլ ենք ունեցել։ Դրանից հետո որոշել ենք չանել՝ չգիտես ինչու։ Տեսնելով, որ վիճակը վատանում է, ավելի մեծ ծավալներ կար, ավելի շատ բան հայտնաբերելու՝ պարզապես դադարեցրել էինք և նոր մոնիթորինգի մասին մտածում էինք, բայց դեռևս չէինք սկսել, միայն ռուսական կողմի հայտարարությունից հետո։ Էլեմենտար է, որ մեր համապատասխան կառույցները լուրջ չեն վերաբերվում։
•Երբ մենք ասում էինք, որ Հայաստանում մոնիթորինգի արդյունքում 34 նմուշում բան ենք հայտնաբերել, բոլորս հասկանում էինք, որ գործ ունենք սննդի անվտանգության ոլորտային հիմնախնդիրների հետ։ Երբ Ռուսական կողմն է ասում,թե 16-ում են պեստիցիդի մնացորդ գտել, ասում ենք՝ կարո՞ղ է քաղաքական է։ Բայց ինչպես կարող է մենք 34-ում պետք է գտնեինք, իրենք 16-ում չպե՞տք է գտնեին։
•Առնվազն այդ ոլորտի պատասխանատուներին (անձանց նկատի չունեմ), ձեռնտու էր, որ սա հանրային ընկալման մեջ դիտարկվի որպես քաղաքական, որպեսզի իրենց անգործությունը փակվի։ Բայց ինչու չի կարելի այն այդպես թողնել, որովհետև, ի վերջո մենք այդ ապրանքն օգտագործում ենք ամենօրյա ռեժիմով։ Անցել է 3 ամիս և այսօրվա դրությամբ չունենք մոնիթորինգի արդյունք, որպեսզի հորդորով դիմենք մեր քաղաքացիներին, ասենք՝ սա կերեք, մյուսը մի կերեք. ընդհանուր իմաստով ենք խորհուրդ տվել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը
- ԱՆ-ն ոչ միայն չի զբաղվում մարդկանց առողջությամբ, այլև իր հերթին վտանգում է. Պիպոյան
- Պիպոյան. Ինչպե՞ս է ստացվել, որ 13 հազար կգ ոչ պիտանի հավի միսը ոչնչացվել է արկղերով, առանց տոպրակներից հանելու