Արարատ Միրզոյան. Ես չեմ կարող վստահություն հայտնել Ադրբեջանի խաղաղ նպատակների վերաբերյալ
Հայաստանը չի տեսնում Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը ստորագրելու քաղաքական կամք։ Այս մասին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ասել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը։
«Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի ու Հայաստանի տարածքների նկատմամբ։ Ես օրինակ կարող եմ բերել, հիմա Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը»,-ասել է Միրզոյանն ու ավելացրել, որ Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ հասկանում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։
Միրզոյանի խոսքով, Բաքուն իրենց վստահեցնում է, որ դա տարածքային պահանջ չէ, սակայն տպավորությունը լրիվ այլ է։
«Ոչ իմ կառավարությունը, ոչ էլ ես չեմ կարող վստահություն հայտնել Ադրբեջանի խաղաղ նպատակների մասին»,-ասել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն էր հայտնել, որ ադրբեջանցիները կվերադառնան «Արևմտյան Ադրբեջան».
«Ղարաբաղցիները, ովքեր երբեք չեն ապրել այդ հողերի վրա, այլ ապրել են այնտեղ վերադառնալու ցանկությամբ, այսօր վերադառնում են Ղարաբաղ։ Համոզված եմ, որ նույն պատկերը կտեսնենք նաև Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ժամանակ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան