Երևանում թալանել են դատավորի դստեր «Chevrolet Volt»-ը
Սեպտեմբերի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 09։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 52-ամյա Վահագն Թ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 22-ից մինչև սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իրենց շենքի բակում կայանված՝ իր դստեր՝ Երևանի բնակիչ 24-ամյա Ռիմա Թ․-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը, ռադիատորի ցանցը, ջրահովացման համակարգի դետալը և ռադիատորը՝ պատճառելով 550 հազար դրամի վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վահագն Թ․-ն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է։