Մահացել է Սերվետ Պողոսյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Սերվետ Պողոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 17:30-20:00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին նույն վայրից:
Ս. Պողոսյանը ծնվել է 1948թ. օգոստոսի 1-ին, Երևանում: 1955թ. ընդունվել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոց: 1957-62թթ հաճախել է Գագիկ Ղազարյանի նկարչական դասերին: 1971թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը: 1976թ-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է: 1978թ. արժանացել է ՀԽՍՀ Կոմերտմիության դիպլոմի՝ որպես «Տարվա լավագույն աշխատանք», իսկ 1980թ.՝ ՀԽՍՀ ճարտարապետների միության դիպլոմի: 1981թ. դարձել է ԽՍՀՄ ճարտարապետների միության և ԽՍՀՄ Կոմերիտմիության դափնեկիր՝ առաջին աստիճանի դիպլոմ երիտասարդ ճարտարապետների ստեղծագործությունների համամիութենական 8-րդ ստուգատեսում, 1983թ.՝ ՀԽՍՀ Կոմերիտմիության դափնեկիր:
1983թ. եղել է Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման անդամ: 1993թ-ից ԱՄՆ Գլենդել քաղաքի, 1994թ-ից՝ Սանտա Մոնիկա քաղաքի «Արտ» ասոցիացիայի, 2002թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, ունեցել անհատական ցուցահանդեսներ Երևանում (1976թ., 1980թ., 1981թ., 1999թ.), Վոլգոգրադում (1978թ.), Մոսկվայում (1981թ.), Գլենդելում (1992թ., 1994թ., 1995թ.), Հոլիվուդում (1993թ.), Սանտա Մոնիկայում (1993թ., 1994թ.), Ֆլորիդայում (1994թ.), Բոստոնում (1996թ.) և այլն: Նրա բազմաթիվ աշխատանքներ գտնվում են Ռուսաստանի, Գերմանիայի, Ամերիկաի Միացյալ Նահանգների Ֆրանսիայի, Կոլումբիայի, Սիրիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում:
«Եթե հնարավոր լիներ իրենց գեղանկարչությամբ հայտնի տարբեր երկրների 21-րդ դարում ծնված նկարները մեկտեղել մի հարկի տակ, օրինակ Պոլ Գետտիի թանգարանում, ապա մենք պարզ, ուղիղ, առանց շեղումների կտեսնեինք ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի,Չինաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Իսպանիայի, Իտալիայի ժամանակակից արվեստագետների, նաև Հայաստանը ներկայացնող Սերվետ Պողոսյանի մեծ կամ փոքր կտավների առանձնահատկությունները:
Սերվետի մեծ կտավների մեջ երբեմն նույնպես մենք զգում ենք անհնազանդության շեշտեր, սակայն դրանք հիմնականում մեղմված են գծերի, ծավալների ներդաշնակությամբ: Չէ որ նա ճարտարապետ է ոչ միայն կրթությամբ և նկարիչ է էությամբ: Այսպես ենք ասում, որովհետև հավասարակշռության, ռիթմի, մանավանդ գույնի զգացողությունը ոչ մի ակադեմիայում համապատասխան մակարդակով չեն սովորեցնում, իսկ Սերվետը դրանց տիրապետում է բավականաչափ և այդ ամենի շնորհիվ կարող է երևալ ինքնատիպ ցանկացած միջազգային ցուցադրության պայմաններում: Ավելին, որքան էլ նրա պլաստիկական /գեղանկարչական/ լեզուն զերծ է «բարբառային», «ազգագրական» տարրերից, որոնցով աչքի էին ընկնում 1960-ական թվականների հայ տաղանդավոր գեղանկարիչները, արվեստի համաշխարհային ընթացքին հետևող փորձագետը /expert/ անմիջապես կճանաչի Հայաստանի ներկայացուցչին:
Նրա կոմպոզիցիաներն ուսումնասիրողներին, եթե այդ մասին չակնարկեն ձևերի, գծերի, ձևերի հարաբերությունից ծնվող տրամադրության ծավալումները, ապա բարձրաձայն կխոսի գունային ներդաշնակությունը, որը նրա հայրենակից Արշիլ Գորկուն առանձնացնում է էքշն արտի մյուս նշանավոր վարպետներից»,- այսպես է ներկայացրել նկարչին ու նրա արվեստը՝ արվեստաբան Մարտին Միքայելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները