Գիտության շաբաթվա շրջանակներում այսօր մեկնարկում է «Ապագա գիտնական» թեմատիկ բաժինը
Առաջին համազգային «Գիտության շաբաթվա» շրջանակում Ազատության հրապարակում անցկացվող Գիտության փառատոնն ամփոփել է իր առաջին թեմատիկ բաժինը։ «Գիտությունն ամենուրեք է» խորագրով հոկտեմբերի 1-ին և 2-ին մեր տաղավարներում ներկայացված էին Հայաստանի գիտական ինստիտուտները, տեխնոլոգիական և կրթական ընկերություններն ու կազմակերպությունները։
«Գիտուժ» նախաձեռնությունից հայտնում են, որ կենտրոնական տաղավարում կազմակերպվել են դասախոսություններ կենսատեխնոլոգիաների նորարարական լուծումների, R&D-ի՝ որպես Հայաստանի մրցունակության բարձրացման գործիքի, ինչպես նաև գիտական ֆանտաստիկայի մասին կինոյում և գրականությունում։ Այցելուները հնարավորություն ունեցան մասնակցելու տարատեսակ գիտափորձերի, խաղերի, ցուցադրությունների և քննարկումների, ծանոթանալ գիտնականների աշխատանքին և Հայաստանում ստեղծվող գիտական արժեքին։
Այսօր մեկնարկում է «Մասնագիտական կողմնորոշում.ապագա գիտնականներ» թեմատիկ բաժինը։
Հոկտեմբերի 3-4-ը, ժամը 15:00-21:00-ին պատանիներն ու երիտասարդները հնարավորություն կունենան բացահայտելու և հստակեցնելու իրենց ապագա մասնագիտության ընտրությունը՝ անմիջականորեն շփվելով գիտական ինստիտուտների, համալսարանների և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք լինելու են մեր տաղավարներում։ Այս փուլի մասնակիցները տարբերվելու են առաջին փուլի մասնակիցներից, ուստի եթե արդեն ներկա եք եղել առաջին փուլին, երկրորդը բաց թողնել չարժե։ Այցելուներին սպասվում է բոլորովին նոր փորձառություն։
Կենտրոնական տաղավարում կշարունակվեն դասախոսությունները տարբեր հետաքրքիր թեմաներով։
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանին անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոցենտ, կ․գ․թ․ Ալլա Ալեքսանյանը կխոսի բուսական էկոհամակարգերի ուսումնասիրության մասին։
Նույն օրը սոցիոլոգ, պատմաբան, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը կբացատրի՝ ինչու՞ դառնալ գիտնական, և կպատմի գիտության անսահման հորիզոնների մասին։ ԵՊՀ մեքենայական ուսուցման գիտական խմբի ղեկավար, YerevaNN հետազոտական լաբի տնօրեն Հրանտ Խաչատրյանը կկիսվի՝ ինչպիսին է Հայաստանում գիտնական լինելը։
Հոկտեմբերի 4-ին նախատեսվում է դասախոսությունների հագեցած ծրագիր։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը և «Գիտական ինկուբատոր» ծրագրի ղեկավար Արփինե Դավթյանը հանդես կգան «Կրթությունից գիտություն: per aspera ad astra» դասախոսությամբ։
ԵՊՀ ՀՌՀ համակարգերի ծրագրավորման ամբիոնի ղեկավար, CAST-ի տնօրեն Սևակ Սարգսյանը կխոսի «Հետազոտությունից դեպի կիրառում. Արհեստական բանականությունից մինչև ավտոնոմ համակարգեր և ռոբոտաշինություն» թեմայով։ Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լիլիթ Ներսիսյանը կներկայացնի, թե ինչու է կենսաինֆորմատիկան ապագայի մասնագիտություն։
Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի ղեկավար, փորձարարական և տեսական օպտիկայի հետազոտող Մուշեղ Ռաֆայելյանը կխոսի «Oպտիկան և դրա ժամանակակից կիրառությունները տեխնոլոգիաներում» թեմայով։ Իսկ ավտոնոմ համակարգերի և ռոբոտների մասին հետաքրքիր ներկայացում կունենա Գիտական նորարարության և կրթության կենտրոնի հետազոտող գիտնական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Աստղիկ Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում մեկնարկեց առաջին համազգային Գիտության շաբաթը
- Գիտության շաբաթն անցկացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ
- Չունենք գիտական հետազոտությունների միջոցով մեր երկրի խնդիրների լուծման որևէ ռազմավարություն. «Գիտուժ»-ի անդամ
- Նստած աշխատում եմ, մեկ էլ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երկրաշարժ է. Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները