Հայաստանում կայանալիք WCIT կոնգրեսի բացմանը տեսակապով ողջույնի խոսքով հանդես կգա Իլոն Մասկը
Մեկնարկում է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակներում անցկացվելու է ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում (հոկտեմբերի 4-6), համերգային ծրագիր է ներկայացվելու Հանրապետության հրապարակում (հոկտեմբերի 4), և շուրջ երեք օր Մարզահամերգային համալիրում անց են կացվելու Արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ ու ելույթներ միջազգային հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ (հոկտեմբերի 4-7)։
WCIT 2024/DigiTec-ի հաղորդակցության բաժնից հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում կբացվի տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ ԴիջիԹեք 2024-ը, որն իր շուրջն է համախմբել հայկական և ոչ միայն առաջատար տեխնոլոգիական ընկերություններին, ստարտափներին։
Հոկտեմբերի 4-ին տեղի կունենա WCIT2024/DigiTec-ի մեկնարկային համերգային ծրագիրը Հանրապետության Հարապարկում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, որին կհաջորդի ամերիկացի երգիչ, երգահան Ջեյսոն Դերուլոյի բացառիկ ելույթը։
«Երկար նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում է տարվա տեխնոշաբաթը։ WCIT2024/DigiTec-ը ընդգրկում է բազմաթիվ միջոցառումներ՝ hոկտեմբերի 4-ին մեկնարկում ենք ԴիջիԹեք-ով, որին կհաջորդի համերգ Հանրապետության հրապարակում՝ բացառիկ տեխնոշոույով և հրավառությամբ, իսկ հոկտեմբերի 5-7-ը տեղի կունենան բուն միջոցառումները Մարզահամերգային համալիրում»,-ասել է WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։
WCIT2024/DigiTec-ը Հայաստանում կհյուրընկալի ավելի քան 2,000 միջազգային պատվիրակների և խոսնակների աշխարհի տարբեր երկրներից՝ Արվիդ Բելլ (Arvid Bell), Էշթեր Վուժիցկի (Eshter Wojcicki), Տակ Լո (Tak Lo), Ռոդրիգո Մեսսի (Rodrigo Messi), Իբրահիմ Գեդեոն (Ibrahim Gedeon), ուրիշներ։
Մասնավորապես, «REDDS Capita»-ի նախագահ Սթեֆըն Իբառակին (Stephen Ibaraki) կխոսի հզոր նորարարական ձեռքբերումների օգտագործմամբ խոստումնալից ապագա ստեղծելու մասին։ Աշխարհահռչակ Calvin Klein բրենդի հավաքածուների ռազմավարության տնօրեն Ֆրանչեսկա Բերտազզոն (Francesca Bertazzo) կներկայացնի մարքեթինգում և սոցիալական մեդիայում նոր լսարանի ներգրավման գործում ԱԲ-ի կիրառության մասին։ Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը կկիսվի ԱԲ-ի զարգացումների և կյանքի բոլոր ոլորտներում դրա ներթափանցման մասին իր տեսլականով։ Համաժողովի հատուկ հյուրեր՝ Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը և միջազգայնորեն հայտնի Agenus ընկերության տնօրեն Գարո Արմենը, կխոսեն հեղափոխական բժշկության մեջ արհեստական բանականության (ԱԲ) կիրառության մասին։ Արմենկո կապիտալի խորհրդի նախագահ Ալեքս Եմենդջիանը հանդես կգա տպավորիչ ելույթով՝ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու ռազմավարությունների վերաբերյալ։ Այս և տասնյակ այլ համաշխարհային խոսնակների ելույթները մասնակիցներին բացառիկ հնարավորություն կընձեռի համաշխարհային նորարարական և տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակման համար, ինչպես նաև՝ մասնակիցը դառնալու առաջադեմ լուծումների բազմաբովանդակ հանդիպումների։
«Ուրախ ենք երկրորդ անգամ Հայաստանում հյուրընկալել WCIT կոնգրեսը։ Այս տարի համաժողովի բացմանը տեսակապով ողջույնի խոսքով հանդես կգա ամերիկացի գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը։ 2019 թվականի համաժողովը հայաստանյան ՏՏ ոլորտում տեսանելի զարգացումներ է գրանցել, ինչը, վստահ եմ, որ այս տարի կրկնապատկվելու է»,-ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։
WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին՝ հոկտեմբերի 4-7-ը, Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար:
Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup (WWC) ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: Մրցույթում Հայաստանը կներկայացնեն Text'nPayMe և AllClean ստարտափները։ Հոկտեմբերի 7-ին կհայտարարվի նաև WITSA World Cup-ի հաղթող ստարտափի անունը։
«ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը կծառայի որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհաին հարթակ։
Համաժողովի շնորհիվ մի շարք ընկերություններ կծանոթանան հնարավորություններին և ներուժին, որն առկա է ոլորտի առաջատար ընկերությունների գիտահետազոտական կենտրոններ հիմնելու համար։ Այն նպատակ ունի նաև նորարարությունների, ՏՀՏ լուծումների միջոցով ընդգծելու կիրառական գիտությունների առանցքային դերը տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման խթանման գործում և ներկայացնելու տեխնոլոգիաների ապագան և հետագա զարգացումները՝ հատկապես Արհեստական բանականության ուղղությամբ:
Համաժողովն Արհեստական բանականության (ԱԲ) ապագայի և դրա սոցիալական ազդեցությունը և էթիկան ձևավորող կարևորագույն թեմաների շուրջ մի շարք միջոցոռումներ է նախատեսում անցկացնել։
WCIT 2024/DigiTec-ի գործընկերներն են՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։
.
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին