Սուրենյանցը. Ազնիվ խոսք՝ Բագրատ Սրբազանին
«Երեկ, մի ամբողջ ժողովուրդ և պետություն, որոնք կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև, ականատես դարձան անմակարդակ մի շոուի, որն ուներ երկու շահառու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և նրա «արմատական» ընդդիմությունը»,-անդրադառնալով երեկվա իրադարձություններին՝ գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշում է.
«Նիկոլ Փաշինյանն այնքան «անհարմար» արտաքին քաղաքական կացության մեջ է, որ պետք ունեցավ Հանրային հեռուստատեսության մակարդակի հասցված «հայրենասիրական» ճառի մատուցման:
Պետության պրովինցիալ ղեկավարը չի էլ գիտակցում, որ այդ «հայրենասիրությունը» չի կարող «վաճառել» արտաքին որևէ գործընկերոջ վրա՝ որպես «դժվար լուծումներն» առժամանակ հետաձգելու ալիբի:
Փաշինյանին «օդի ու ջրի» պես նման ընդդիմություն է պետք՝ պաթոսախեղդ տեքստերով, բարդ հարցերից փախչող «բնավորությամբ»:
Եվ ուրեմն, ի տարբերություն առաջին խնդրի, էս երկրորդ հարցը Հանրայինը «լուծեց». «արմատական» ընդդիմության նոմինացիան կայացած է, նույնիսկ պետականորեն ազդարարված է այն հավաքի օրն ու ժամը, որտեղ ձևակերպվելու է ընտրություններ 2026-ի իշխանության հիմնական «ախոյանը»:
Փաշինյանի ուրացման մոդելը նույնիսկ պետական մտածողության նմուշ կարող է թվալ պրիմիտիվ տեքստերի, նույն այդ «նիկոլական ուրացումն» իր արգանդում մեծացրած պսևդոհայրենասիրության համեմատ:
Ես չեմ հասկանում, թե որ մոտիվն ու նպատակն էր Բագրատ Սրբազանին՝ պատվելի ու հարգված հոգևորականին, տարել նման արկածախնդրության, որի միակ տեսանելի հետևանքը կարող է լինել լուզեր, ձախողված Փաշինյանին քաղաքական վերակենդանություն տալը, 2026-ի նրա իշխանական հայտը լեգիտիմացնելը:
Ծանր է այս ամենին հետևելը:
Բագրատ Սրբազանին ես երախտապարտ եմ՝ ապրիլ- մայիս ամիսներին Փաշինյանի քաղաքական մերկությունը բացահայտելու համար:
Հիմա նրան կրկնակի երախտապարտ կլինեմ՝ իր քաղաքական գործունեությունը չշարունակելու համար:
Վստահ եմ՝ քաղաքական անփորձության հետևանքով Սրբազանը չի գիտակցել, որ այս պահին Սրբազան պայքարը դարձել է ամբողջովին տապալված Փաշինյանի իշխանության «արհեստական շնչառության» ապարատը:
Հ.գ- Սրբազան պայքարի միակ անելիքն այս հանգրվանում, երբ ԱԺ-ն պատրաստվում է քննարկել տխրահռչակ Կանոնակարգը, պետք է լիներ խորհրդարանն ապալեգիտիմացնելը: Բայց ինչքան հասկացանք՝ ընդդիմադիր պատգամավորներին այդ հարթակը մանդատները վայր դնելու կոչ չի անելու»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր առջև որևէ դուռ չի կարող փակված լինել. Բագրատ Սրբազանը՝ Հ1-ից դուրս գալուց հետո
- Բագրատ Սրբազանի հարցազրույց՝ Հանրային հեռուստաընկերությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան