Մենուա Սողոմոնյան. Հ1-ի ցանկացած աշխատակից պետք է իմանա, որ իրեն պատիվ չի բերում Պետրոս Ղազարյանի նման մարդու կոլեգա լինելը
«Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը գրում է.
«Հ1-ի եթերում հարցազրույցները (մանավանդ եթե դրանք տեղի են ունենում Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ) այն ֆորմատներն են, որոնք հարմար են գործող իշխանությանը, որտեղ մարդկանց խոսքը իշխանական շահավետ նարատիվների լույսի ներքո է մատուցվում։ Այս տեսանկյունից Հանրային ճնշմամբ Հ1-ի ուղիղ եթերում Սրբազանի ուղերձով հանդես գալը կարևոր հաջողություն էր, քանի որ առաջին անգամ իշխանությանը ոչ հարմար ֆորմատ պարտադրվեց։
Իսկ ինչ վերաբերում է Հ1-ի հարցազրուցային ֆորմատին...
Քանի որ երեկ Հանրայինի պատասխանատուների կողմից բողոք հնչեց, թե շատ ընդդիմադիր գործիչներ մերժում են հարցազրույցի առաջարկները, ասեմ, որ Հ1-ի խմբագիրները ինձ նույնպես քանիցս հրավիրել են Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի, մերժման պատճառները նրանց անկեղծ ասել եմ.
Նա ընդդիմադիր զրուցակցի հետ զրույցին վերաբերվում է ոչ թե որպես տարբերվող կարծիք վերհանելու հնարավորության, այլ պարզապես զրուցակցին «փչացնելու» հնարավորության. դա պարզ երևում է ոչ միայն հյուրին ընդհատելու, նրա բառերից կառչելու, հարց տալիս կամ մեկնաբանություն անելիս ծաղրական, հեգնական խոսքային կամ դեմքի արտահայտություններ անելու, այլև եթերային աշխատանքից դուրս իր «վարպետությունը» քննարկելու ժամանակ (երկու-երեք անգամ Հ1-ի դիմահարդարման բաժնում իմ ականջներով եմ լսել, թե ինչպես էր նա սպասասրահում իր իշխանական հյուրերին հաղթական տոնայնությամբ հարցնում, թե տեսա՞ր՝ «էսինչին» ինչ օրը գցեցի)։
Հ1-ը, այո, ինչպես երեկ ասում էր նրա գործադիր տնօրենը, հանրային ինստիտուտ է՝ 68 տարեկան։ Ու Պետրոս Ղազարյանի նման «մեկնաբանների» աշխատանքի հետևանքով, ցավոք, այդ ինստիտուտի եթերը վերածվում է էժանագին շոուի, «քուչի բազարի»։
Հ1-ը իրեն աշխատակից է պահում մի մարդու, ով հրապարակավ կեղծիք է թույլ տալիս՝ մարդու խոսքի բովանդակությունը նենգափոխելով, մարդու բառերը կրճատված ձևով հանրությանը ներկայացնելով (անձամբ ինձ մեկ անգամ թիրախավորել է՝ լեզվական շփոթս մոնտաժելով ու դնելով իր էջին)։
Հ1-ի ցանկացած աշխատակից պետք է իմանա, որ իրեն պատիվ չի բերում Պետրոս Ղազարյանի նման մարդու կոլեգա լինելը։
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում իրապես պետք է լինի անաչառ գործ ու մոտեցում, որ ընդդիմադիր գործիչն այստեղ իրեն զգա տանը, ոչ թե Բաքվում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան