Կանոնակարգվել է կենսաչափական անձնագիր տրամադրելու մրցութային վերջին փուլը
«Ըստ էության, առաջարկում ենք նախագծով հաստատել երկրորդ փուլի, այսինքն՝ առաջարկի հարցման ներկայացման բոլոր մանրամասները, այդ թվում՝ վերջնականացված պայմանագրի նախագիծը, ինչպես նաև տեխնիկական պահանջները»,-կառավարության նիստում ասաց Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի և ծառայությունների վերաբերյալ պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով ծրագրի իրականացման գործընթացը:
Նրա խոսքով՝ օրակարգային հարցով ամփոփվում է պետություն-մասնավոր գործընկերություն շրջանակում ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտեր տրամադրելու մրցութային վերջին փուլը:
Սարգսյանը տեղեկացրեց, որ առկա է միջազգային 3 որակավորված հայտատու, որից երկուսը կոնսորցիում, մեկը՝ անհատ կազմակերպության ձևաչափով։
«Շուրջ 5 ամիս մենք, ըստ ընթացակարգի, պետք է բանակցություններ վարեինք այս 3 որակավորված հայտատուների հետ, որպեսզի կարողանայինք նաև փոխընդունելի ձևակերպումներ ունենալ ամբողջ մրցույթի պայմաններում: Նշեմ, որ ուրախալի է այն փաստը, որ մենք ի վերջո կարողացել ենք այս բանակցությունները ճիշտ ժամկետում ամփոփել, և սրա արդյունքներով այսօր քննարկմանը ներկայացված է պայմանագրի այն նախագիծը, որը մի կողմից՝ իրագործելի է, իսկ մյուս կողմից՝ բարձր ստանդարտներ է երաշխավորում պետության անունից»,-ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ Կառավարության հաստատումից հետո՝ հոկտեմբերի 8-ին, գնահատող հանձնաժողովը կհաստատի առաջարկի հարցման ամբողջ բնութագիրը։
«Հոկտեմբերի 10-ին արդեն մենք կհանրայնացնենք այս տեղեկատվությունը, դրանից հետո արդեն մասնակիցները հնարավորություն կունենան հայտերը ներկայացնելու: Եվ հայտերի ներկայացման համար մինչև 2025 թվականի հունվարի 10-ը հայտատուները ունեն հնարավորություն։ Հունվարի 11-ից սկսած մենք արդեն սկսելու ենք բուն գնահատման պրոցեսը հենց գնահատող հանձնաժողովի կողմից և, ըստ էության, 80 օր ժամկետ ունենք, որպեսզի կարողանանք ամփոփել ամբողջական տվյալները։ Մենք գնահատելու ենք երկու կոմպոնենտ՝ որակ և գին»,-ասաց ՆԳ նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ 2025 թվականի մարտի վերջին կլինի հաստատված հաղթող ընկերություն՝ ըստ ներկայացրած առաջարկների, և վերջինիս կտրվի ժամանակահատված՝ ենթակառուցվածքը ներդնելու և արտադրությունը սկսելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին