«Փաստ». Եթե «հայի հետին խելքն առաջ բերված» լիներ, ապա երկիրն ու ժողովրդին աղետի մատնածները չէին վերարտադրվի որպես իշխանություն
«Փաստ» թերթը գրում է.
«Երևի թիվ 1 հեծանիվը խափանվել է: Միգուցե նստարանն է վնասվել: Իսկ հնարավոր է՝ աշնանային եղանակն է ինչ-որ տրտմահետք թողել: Բայց փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը վերստին «փիլիսոփայական» փայլատակում է ունեցել, ինչի հետևանքն է նրա այս գրառումը. «Սոցիալ-հոգեբանության տեսակետից մեր առաջնային խնդիրներից մեկը հետևյալն է. հայի հետին խելքը բերել էականորեն առաջ»: Անկեղծ լինենք՝ միանգամայն համամիտ ենք Նիկոլ Փաշինյանի ասածին: Չէ, խոսքը «առաջնային խնդիրներից մեկի» մասին չէ: Մեր հասարակությունը շատ լավ գիտի, թե որն է մեր «առաջնային խնդիրներից մեկը», ավելի ստույգ՝ ամենաառաջնայինը: Համաձայնությունը վերաբերում է զուտ «հայի հետին խելքը առաջ բերելուն»: Այ, սրան անվերապահ համաձայն ենք:
Պարզապես, «հայի հետին խելքը» պիտի առաջ բերված լիներ անհամեմատ շուտ՝ 2018-ին, կամ գոնե՝ 2021-ին, թեկուզ՝ 2022-ին, առնվազն՝ 2023-ին: Պատկերացնո՞ւմ եք, եթե «հայի հետին խելքն առաջ բերված լիներ» նշված թվերին ու ժամանակներում, ապա նախ՝ չէր լինի պատերազմ, Արցախը կշարունակեր լինել հայկական, իսկ թշնամին, իր արմունկները կրծելով, ստիպված կլիներ հաշվի նստել այդ իրողությունների հետ՝ շարունակելով գանգատվել, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը: Մեր հազարավոր լուսավոր տղաներն էլ արդեն որը բուհի ավարտական կուրսում կլիներ, որը՝ ամուսնացած, որը՝ հայր դարձած...
Եթե գոնե 2021-ին «հայի հետին խելքը», առհասարակ՝ խելքը առաջ բերված լիներ, ապա երկիրն ու ժողովրդին աղետի մատնածները չէին վերարտադրվի որպես իշխանություն, պարտության խորհրդանիշը վարչապետ չէր մնա, ու էլի՝ Արցախը հայկական կլիներ, սահմանները՝ պաշտպանված, հանրությունն էլ՝ աղետի հետևանքների հաղթահարման վրա կենտրոնացած: Թե որ «հայի հետին խելքն առաջ բերված» լիներ, չէր լինի ներազգային պառակտում, չէր լինի ներքին թշնամանք, ու... այս հրապարակման կարիքն էլ չէր լինի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։