Բորտնիկով. ՆԱՏՕ-ն ցանկանում է իր զորախումբը խաղաղապահների քողի տակ մտցնել Անդրկովկաս
«Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ուժերից կազմված իր «խաղաղապահ» կոնտինգենտը մտցնել Անդրկաովկաս՝ իբր աջակցելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Նրա խոսքը փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Ակնհայտ է, ամերիկացիներն ու եվրոպացիները հետաքրքրվեծ չեն Անդրկովկասում խաղաղության ու կայունության հաստատմամբ։ Երևանին համոզելով ձգձգել Բաքվի հետ բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է ղեկավարել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը դե յուրե ՄԱԿ-ի հովանու ներքո, դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի»,-ասել է նա։
Շարունակելով խոսքը՝ Բորտնիկովն ասել է, նման «խաղաղապահության» հնարավոր բնույթը ցույց է տալիս, որ ԵՄ այսպես կոչված «անկախ» քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը տեղակայված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հետախուզական գործունեություն է իրականացնում ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի շահերից ելնելով՝ ընդդեմ Ռուսաստանի և նրա գործընկերների։
Բացի այդ, ռուս պաշտոնյան հայտարարել է, որ «զենքի արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց Արևմուտքը ձգտում է, որ Հայաստանի կառավարությունը դուրս գա ՀԱՊԿ-ից, իսկ դա Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի Հյուսիսատլանտյան դաշինքից Բաքվի հետ նրա հետագա հարաբերությունների հարցում»։