Հայկուհի Գեոկչյան. Կրծքագեղձի քաղցկեղի չորրորդ փուլում հայտնաբերման դեպքերը խիստ նվազել են
Ամբողջ աշխարհում հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Հայաստանը միացել է արշավին, այս ամսվա ընթացքում ԱՆ մասնագետները կխոսեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգեկման, վաղ հայտնաբերման կարևորության, բուժման, շարունակական հսկողության մասին։
Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանն այս առումով կարևորեց 2021-ին չորս մարզերում իրականացրած, այսօր Գեղարքունիքում իրականացվող սքրինինգային ծրագիրը։
«Եթե 2021-ին մեկնարկած ծրագրում տարիքային շեմ էր ընտրված 50-69 տարեկանը, ապա Գեղարքունիքում այս տարվա սեպտեմբերից մեկնարկած ծրագրի շրջանակում տարիքային այդ շեմը ավելացվել է, և 45-68 տարեկան կանայք անվճար՝ պետության կողմից փոխհատուցվող ծառայությունների շրջանակում անցնում են կրծքագեղձի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություն»,-ասաց Ղոնյանը՝ նշելով, որ դրա շնորհիվ հիվանդությունը վաղ փուլում է ախտորոշվում, դա էլ բերում է բարելավված արդյունքների ու մահացության ցուցանիշի նվազման։
Նա հիշեցրեց, որ այս պահին շարժական մամոգրաֆը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։
«Վարդենիս համայնքի բոլոր այն կանանց, որոնք 45-68 տարեկան են, հորդորում ենք ակտիվորեն մասնակցել սքրինինգային ծրագրին։ Հետազոտության, բուժման ողջ շղթան մատուցվում է անվճար՝ պետության կողմից»,-ասաց վարչության պետը՝ մանրամասնելով, որ հետազոտության մեկնարկը տրվում է ԱԱՊ օղակի թերապևտին կամ ընտանեկան բժշկին այցելելուց։
Ասուլիսի մասնակից ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը տխուր վիճակագրություն ներկայացրեց. Հայաստանում յուրաքանչյուր տարի կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվում 1000-1500 կանանց մոտ, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս հիվանդությունը մահացության ամենատարածված պատճառների թվում է։
«Կանանց իրազեկված լինելու, սքրինինգային ու այլ ծրագրերի շնորհիվ հիվանդության վաղ հայտանբերման ցուցանիշը բավականին մեծացել է։ Եթե հինգ տարի առաջ մենք կրծքագեղձի քաղցկեղը չորրորդ փուլում հայտնաբերում էինք 30-35 տոկոս դեպքերում, ապա հիմա այդ շեմը իջել է մինչև 15 տոկոս»,-ասաց Գեոկչյանը։
Խոսելով կրծքագեղձի կանխարգելման միջոցների մասին՝ ուռուցքաբանն ընդգծեց առողջ, ակտիվ ապրելակերպի կարևորությունը, նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու բուժումը, ինչը նշանակում է, որ կինը 30 տարեկանից հետո ամեն տարի պետք է անցնի սոնոգրաֆիկ հետազոտություն։
Նա նաև նշեց, որ հիվանդության առաջացմանը կարող է նպաստել գիրությունը, ալկոհոլի օգտագործումը, ժառանգականությունը։
«Այն կանայք, որոնց առաջին կարգի հարազատի՝ մոր, քրոջ, հորաքրոջ, մորաքրոջ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, շատ ավելի ուշադիր պետք է լինեն իրենց առողջության նկատմամբ»,-ասաց Հայկուհի Գեոկչյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները