«Հրապարակ». ՔՊ-ում ոչ միայն խելքը գլխին իրավաբան չկա, այլև մարդ, որը կարող է որևէ հիմնարկ ղեկավարել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում երեկվանից արդարադատության նախարարի նոր թեկնածուի անուն է շրջանառվում, որը թիմում ոչ պակաս կրքեր է բորբոքել, քան Արփի Դավոյանի թեկնածությունը։ Խոսքը Սիսակ Գաբրիելյանի մասին է՝ ԱԺ կրթության, գիտության մշտական հանձնաժողովի նախագահը։ Նա Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի ամենամտերիմ մարդկանցից է, ջերմ հարաբերություններ ունի նաև Խաչատուր Սուքիասյանի հետ: Մեզ ասացին, որ հատկապես Հրաչն է լոբբինգ անում Սիսակի թեկնածությունը, և հնարավոր է ՔՊ վարչության հաջորդ նիստում առաջադրեն։ Մանավանդ որ 2021 թվականին նա ԵՊՀ իրավաբանի դիպլոմ է ստացել, 2016-ին ավարտել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետը։
Զուգահեռ փորձում են համոզել նաև Վլադիմիր Վարդանյանին, որ «քարը փեշից թափի»` համաձայնի խորհրդարանից կառավարություն տեղափոխվելուն: Օրեր առաջ ՔՊ վարչության նիստում, երբ Սուրեն Պապիկյանը նրա թեկնածությունն է առաջադրել, Վարդանյանը հեռախոսով ՔՊ ղեկավար կազմին փոխանցել է, որ նախարար դառնալու ցանկություն չունի: Առաջարկը մերժել է նաև Հերիքնազ Տիգրանյանը: Մեզ ասացին, որ անգամ Արուսյակ Ջուլհակյանն է չեմուչում անում, ուստի ՔՊ-ն մնացել է Արփի Դավոյանի հույսին, ինչը հուսահատության է մատնել ՔՊ-ին: Թերևս սա է պատճառը, որ նոր թեկնածուների փնտրտուք է սկսվել։
Ի դեպ, վարչությունը որոշել է, որ այդ պաշտոնը պետք է ՔՊ-ական ղեկավարի, ինչն ավելի է բարդացրել ընտրությունը, ՔՊ-ում ոչ միայն խելքը գլխին իրավաբան չկա, այլև մարդ, որը քիչ թե շատ փորձ ու կենսագրություն ունի և կարող է որևէ հիմնարկ ղեկավարել, էլ չասած` նախարարություն։ Ի դեպ, մեզ ասացին, որ ՔՊ-ում համաձայն չեն վարչության այդ մոտեցմանը` ասում են, որ մեծ թվով լավ իրավաբաններ կան, որոնք ՔՊ-ական չեն։ Նախարարի թեկնածուին կընտրեն հաջորդ երեքշաբթի՝ վարչության նիստում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ թեկնածուներ են քննարկվում ՔՊ-ում արդարադատության նախարարի պաշտոնում
- «Հրապարակ». Ով կարող է փոխարինել Գրիգոր Մինասյանին
- Գրիգոր Մինասյանը հրաժարական ներկայացրեց
- «Հրապարակ». 71 հոգանոց ֆրակցիայից 27-ն են միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան