«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարան հարցաքննության կհրավիրվի Արսեն Թորոսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2020 թվականին՝ «Քովիդի» շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն դատարան հարցաքննության կհրավիրվի առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով այս չարաշահումների գործով վկայի կարգավիճակով մեկ անգամ արդեն հարցաքննվել է:
Կորոնավիրուսի շրջանի ենթադրյալ չարաշահումների գործով անցնողներն են առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը և այլ անձինք: Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:
2020-2022 թվականներին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Երևանի փոխքաղաքապետը կալանքի տակ էր շուրջ երկու ամիս, որից հետո ազատ արձակվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։