«Երկրապահի» վերնախավը Նիկոլի հետ է. Ալբերտ Բազեյան
«Գործող իշխանության հեռացումն ընդամենը միջոց է մեր պետության և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Մենք չենք կարող որևէ հաջողություն ունենալ այս իշխանության պայմաններում»,- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ, պահեստազորի գնդապետ, «Հայոց Աշխարհազոր» ռազմաքաղաքական կառույցի ղեկավար Ալբերտ Բազեյանը:
Նա նշեց, որ այս իշխանությունը հաղթանակած հայ ժողովրդին տարել է հանպատրաստի պատերազմի, որտեղ պետք է կանխորոշված պարտություն կրեր հայկական կողմն, ու նա Արցախը հանձներ թուրքին։
«Այդ պատերազմի ընթացքում մենք մենակ էինք, իսկ Ադրբեջանն ուներ հզոր դաշնակիցներ՝ Թուրքիա, Իսրայել, Պակիստան, նաև Ուկրաինան, որը Ադրբեջանին մատակարում է արգելված ֆոսֆորային զինատեսակներ»,- ասաց Բազեյանը։
Չնայած ադրբեջանական հարձակմանը՝ հզոր դաշնակիցների հետ, նրա խոսքով, հայ զինվորներն ու ազատամարտիկները երեք օր պահել են դիրքերը. «Բայց Նիկոլը համալրում չկատարեց լինելով գլխավոր հրամանատար և ճեղքում առաջացավ հարավից ու եկան, հասան Շուշի»։
Ըստ նրա, ելքը հետևյալն է. «Ունեմ 250 սուբյեկտի ցուցակ, քաղաքական, ընդդիմադիր ազգային ուժեր, ազտամարտիկների կողմից ստեղծված ՀԿ-ներ, բացի «Երկրապահից», «Երկրապահի» վերնախավը Նիկոլի հետ է, մշակութային ու մարզկան միություններ, հիմնադրամներ, անհատ մասնագետներ։ Բոլորի հետ միասին պետք է կազմակերպել համաժողով ու ձևավորել այլընտրանք գործող իշխանությանը, պայմանական անվանումը՝ «Համահայկական միացյալ դաշինք», ընդգրկել նաև սփյուռքի մեր հայրենակիցներներին։
Այլընտրանք ձևավորելուց հետո կարող ենք ամբողջ Հայաստանով պայքարի կոչ անել, ոտքի կանգնել, կազմակերպել անհնազանդություն, պահանջել ու պարտադրել իշխանություն, Փաշինյանի հեռացումը, Ազգային ժողովի լուծարումը, ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի արդար, օրինական ԱԺ ընտրություն։
Այսօրվա պայմաններում մենք չենք կարող հաջողություն ունել, եթե չհամախմբվեն առողջ ընդդիմադիր ազգային ուժերը»,- ասաց Ա. Բազեյանը։