Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական նստավայրում քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության ներկայացուցիչների հետ։ 1tv.ge-ն գրում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հանդիպել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Անա Դոլիձեի հետ։
Լլրագրողներին հանդիպումից հետո Դոլիձեն ասել է, որ այժմ ներքաղաքական կարեւոր գործընթացներ են սկսվում, եւ նախագահի մասնակցությունն անհրաժեշտ է։
«Նախագահը նոր է վերադարձել Արեւմուտքից, հանդիպել է իր գործընկերների հետ, եւ բնականաբար, հիմա շատ կարեւոր ներքաղաքական գործընթացներ են սկսվում։ Նախագահի միջնորդությամբ կսկսվեն նաև քաղաքական խորհրդակցությունները քաղաքական կուսակցությունների միջև։ Մենք խոսում ենք այն մասին, թե ինչ ուրվագծեր պետք է ունենա այս գործընթացը, և դրա համար անհրաժեշտ է նախագահի մասնակցությունը։ Սա մի գործընթաց է, որտեղ հիմնական դերը խաղում են քաղաքական կուսակցությունները։ Ընտրություններին մի քանի շաբաթ է մնացել, և մենք պետք է պատրաստվենք անցումային շրջանին։ Մենք պետք է օգտագործենք այս ժամանակը, որպեսզի չհայտնվենք սև խոռոչում: Ովքե՞ր են լինելու այս գործընթացներում, ինչ դերակատարում են ունենալու նախագահը և ինչ դեր են խաղալու քաղաքական կուսակցությունները, սա նախապատրաստություն է պահանջում։
Ինչ վերաբերում է արևմտյան գործընկերներին, ապա նրանք մեծ ուշադրություն են դարձնում Վրաստանում խաղաղ, արդար, ժողովրդավարական և անցումային ընտրություններին։ Նախագահի խոսքով՝ մեր գործընկերները մեր կողքին են, և մենք ունենք նրանց քաղաքական և նյութական աջակցությունը։ Նախագահը որոշակի կամուրջ է մեր և մեր արևմտյան գործընկերների միջև ներքաղաքական գործընթացների շրջանակներում։ Վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուների մասին խոսք չի եղել, և ես ճիշտ չեմ համարում, քանի որ չի կարելի նախընտրական արշավից ուշադրությունը տեղափոխել կոնկրետ անձանց վրա»,- ասել է Դոլիձեն։
Անա Դոլիձեից հետո Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Նաթիա Մեզվրիշվիլիին։ Ինչպես հայտնի է, նախագահը հանդիպում կունենա նաև «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցչի հետ։