Ուսուցչի աշխատանքը պետք է արժևորված լինի ոչ միայն ֆինանսապես․ Ենգիբարյան
Ուսուցչի օրը, ուսուցիչներին նվիրված տոնը նշվում է ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից։ Ուսուցիչների տոնը նշվում է ավելի քան 100 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
Որքանո՞վ է գնահատված ուսուցչի մասնագիտությունը Հայաստանում և ի՞նչ խնդիրներ կան ոլորտում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է աշխարհագրության ուսուցիչ Տիգրան Ենգիբարյանի հետ։
«Ուսուցիչը մեր երկրում լիարժեք գնահատված չէ։ Գնահատված լինելը միայն ֆինանսական մասը չէ,նաև ՝ վերաբերմունքի։ Շատ երկրներում, օրինակ՝ Ճապոնիա կամ Եվրոպայի երկրներ ուսուցչի գնահատանքին հասնելու համար երկար ճանապարհ է պետք անցնել։ Հաճախ խոսվում է միայն ֆինանսի մասին, որը նորից մեր ակնկալած արդյունքը չէ, սակայն հեղինակության առումով շատ աշխատանք կա անելու։ Պետական քաղաքականության առումով շատ գործ կա անելու, որպեսզի ուսուցչի աշխատանքն արժևորված լինի ոչ միայն ֆինանսապես, այլև՝ հեղինակությամբ»,- նշեց Ենգիբարյանը։
Խոսելով ոլորտի խնդիրներից, երիտասարդ ուսուցիչը նշեց, որ ուսուցիչները բախվում են տարաբնույթ խնդիրների՝ սկսած ատեստավորմանը վերաբերող հարցերից, վերջացրած թղթաբանության, աշխատաժամերի հետ կապված խնդիրներ։
«Ատեստավորման հետ կապված խնդիրները մասամբ է լուծված։ Վերջերս մի շարք հարցերի մասին բարձրաձայնել ենք, այդ թվում՝ բուհական կրթության, ավագ դպրոցների առաջադիմության մասով։ Խնդիրներից է նաև այն, որ աշխատաշուկայում մագիստրոսի որակավորում ունեցող մասնագետը որևէ առավելություն չունի բակալավր որակավորմամբ մասնագետից։ Հարկ եմ համարում խոսել նաև ուսուցիչների ծանրաբեռնվածության մասին։ Ավելացել են թղթաբանության հետ կապված աշխատանքի ծավալները , ուսուցիչների աշխատաժամանակի հետ կապված խնդիրներ են առաջանում, որովհետև ենթադրենք՝ սահմանված է ութ ժամյա աշխատանք , բայց ցանկացած ուսուցիչ աշխատում է իր աշխատաժամից դուրս , գիշեր-ցերեկ մարդիկ նստած ինչ-որ բաներ են լրացնում, որի դիմաց չեն վարձրատրվում»,- ասաց նա։
Աշխարհագրագետն ուշադրություն հրավիրեց մի շատ կարևոր հարցի, որը մտահոգում է հատկապես երիտասարդ ուսուցիչներին, խոսքը՝ բնարանային ապահովմանը վերաբերող ծրագրերի մասին է։
«Տարիներ շարունակ հույս ունենք, որ բնակարան ձեռք բերելու մասով պետությունը կաջակցի ուսուցիչներին, որովհետև ժամանակին կար նաև «Մատչելի բնակարան մանկավարժներին» ծրագիրը: Թեև նախարարությունից հայտնել են, որ կտարվեն քայլեր, սակայն հստակ ծրագրեր ու ժամկետներ դեռ չեն նշմարվում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ենգիբարյանից հետաքրքրվեցինք նաև դասագրքերի որակի մասին։ Որպես աշխարհագրության ուսուցիչ, Ենգիբարյանը նշեց, որ բոլոր աշխարհագրության դասագրքերում կան թերացումներ։
«Շատերն այնքան վստահաբար են խոսում դասագրքերի որակի մասին, ինչն ինձ համար տարակուսելի է։ Դասագրքերի հետ կապված կարող եմ ասել, որ աշխարհագրության դասագրքերից դպրոց մտած ոչ մի դասագիրք լավագույն դասագիրք համարվել չի կարող։ Աշխարհագրության բոլոր դասագրքերում կան խնդիրներ, թերացումներ ու բացեր։ Տասնամյակներում նույն մարդիկ են մնում հեղիանակների կազմում, դասագրքերը նոր չափորոշիչներով են կազմում, բայց բովանդակությունը նույնն է մնում»,- ասաց նա։
Ամփոփելով խոսքը, Ենգիբարյանը շնորհավորելով գործընկերներին, մաղթեց համբերատարություն։
«Հիշեցի Աբրահամ Լինքոլնի խոսքերը․ « Աշխարհում ոչ ոք ավելի բարձր կանգնած չէ, քան նա, որը կռանում է երեխային օգնելու համար։ Ուսուցիչն ամենակարևոր կոչումն է, որից կախված է լավագույն բժիշկ, գիտնական և զինվոր ունենալը»,- եզրափակեց Տիգրան Ենգիբարյանը։
Ավելի մանրամասն՝ հղմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները