Բաքվից արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր այդ հայտարարությամբ Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:
«Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի հայտարարությունները երկրի խաղաղասիրական դիրքորոշման մասին, որը շարունակում է հարձակողական զենքեր ձեռք բերել և իր Սահմանադրությամբ ու այլ իրավական ակտերով տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին, մանիպուլյացիաներ են՝ ուղղված միջազգային հանրությանը մոլորեցնելու»,- նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել էր վերջին օրերին Բաքվից հնչող սպառնալիքներին ու մեղադրանքներին, մասնավորապես նշելով. «Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։ Պետք է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որով Բարձր դատարանը ստուգեց և հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և հերքեց բոլոր այն պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր որևէ հարևանի նկատմամբ։
Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Ավելին, միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությամբ է օժտում։ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին