Ժաննա Անդրեասյան. Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասված է.
«Այս տարի արդեն 30-րդ անգամ աշխարհը նշում է հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցիչների միջազգային օր։ Ուսուցիչների միջազգային 30-րդ օրն անցնում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը․ դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո, որը մի կողմից կոչված է ընդգծելու ուսուցիչների մասնակցության կարևորությունը կրթության ոլորտին վերաբերող քննարկումներում, մյուս կողմից՝ վերահաստատելու ժամանակակից իրականության մեջ կրթության վերափոխման և դրա շուրջ նոր համաձայնության հաստատման անհրաժեշտությունը։
Դպրոցն այն չէ, ինչ քառասուն տարի առաջ, երեսուն տարի առաջ, քսան տարի առաջ էր։ Մենք և մեր երեխաներն ապրում ենք մի իրականությունում, որտեղ անհնար է չսովորել, ընդ որում՝ ամեն վայրկյան և ամեն ժամ՝ անկախ տարիքից, բայց նաև էապես փոխվել են սովորելու բովանդակությունն ու ձևաչափը։ Մեր երեխաներն օրեցօր ավելի ու ավելի շատ են սովորում ֆորմալ կրթական հաստատություններից դուրս։
Տեղեկատվական արագընթաց ու բազմաշերտ հոսքերը, բազմազան հարթակները դառնում են երեխայի առօրյայի մաս, որն էապես ազդում է նրա վրա, թե որն է դպրոցի դերն ու խնդիրը, ինչպես առնչվել այդ իրողության հետ, ինչպես սովորեցնել ու սովորել։ Այս պայմաններում դպրոցի և ուսուցչի առաջնային դերն է ոչ միայն և ոչ այնքան գիտելիքը փոխանցելը, այլև մտածել սովորեցնելը, տեխնոլոգիաների և տեղեկատվական հոսքի հետ առնչվելու հիմնային հմտությունները փոխանցելը, իրականության բարդ և բազմաշերտ խնդիրների մասին որակյալ ու փաստարկված քննարկման միջավայր ստեղծելը։ Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է, այն մտքի, որը մեր երեխաների մոտ զարգացնելու կարիքն ունենք, իսկ փակ դռները փակում են մեր երեխաների առաջ գնալու ճանապարհները։ Որպեսզի մեր երեխաներին սովորեցնենք սովորել, առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք, որ սովորելու կարիք ունենք ամեն օր, ամեն վայրկյան։
Ժամանակակից իրականությունն ու տեխնոլոգիական միջավայրը կրճատում են երեխաների ֆիզիկական ակտիվությունը, ու այս պայմաններում է, որ դպրոցը պետք է ստանձնի առանձնահատուկ առաքելություն՝ նպաստելու երեխաների ֆիզիկական կոփմանը։ Ակտիվ կենսակերպը, որևէ մարզաձևով զբաղվելը պետք է դառնան մեր երեխաների առօրյայի մաս՝ առաջին հերթին դպրոցի շնորհիվ։
Սիրելի՛ ուսուցիչներ,
Ուսուցչի աշխատանքը հեշտ չէ, այն ընտրելը մեծ պատասխանատվություն է։ Շարունակական բարեփոխումների ճանապարհին մենք բազմիցս համոզվել ենք, որ բոլոր փորձությունները, դժվարություններն ու փոփոխությունները հաղթահարելի են միմիայն միասնաբար աշխատելու, հանուն մեկ նպատակի առաջ շարժվելու, անխախտ հավատի և լավատեսության պայմաններում:
Բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների հաջողության բանաձևը ձեր նվիրյալ աշխատանքն է, նորարարություններից չվախենալու, փոփոխություններին ընդառաջ գնալու կամքը: Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք, և ձեր խոսքն ու դիրքորոշումը այս բոլոր գործընթացներում չափազանց կարևոր են մեզ համար: Մի՛ վախեցեք խոսել խնդիրներից, բարձրաձայնել ձեր մտահոգությունները, մի՛ վարանեք լսել միմյանց և խորամուխ լինել այն հարցերի մեջ, որոնք վաղվա փոփոխության այսօրվա հրամայականն են:
Մաղթում եմ ամենայն բարիք, անսպառ ուժ ու եռանդ ձեր բարդ, պատասխանատու ու միաժամանակ չափազանց հետաքրքիր աշխատանքում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան