«Ժողովուրդ». Փաշինյանը չի ստորագրում Հայաստանի համար վճռորոշ իրավական որևէ փաստաթուղթ. խուսափում է պատասխանատվությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից: Նա չի ստորագրում Հայաստանի համար վճռորոշ իրավական որևէ փաստաթուղթ: Այսպիսով, սեպտեմբերի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում էր հրապարակել, որ Հայաստանի և հանձնաժողովի կանոնակարգը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Պարզվում է, որ այս կարևոր փաստաթուղթը մի շարք խախտումներով և ոչ պատշաճ ընթացակարգով է գործադիրից հասել Սահմանադրական դատարան:
«Սահմանադրական դատարանի» մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ «Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով»:
Այսինքն՝ կառավարության կողմից ՍԴ ուղարկված փաստաթուղթը, որն այս դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգի մասին փաստաթուղթն էր, պետք է ստորագրված լիներ վարչապետի կամ տվյալ պահին նրան փոխարինողի կողմից։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի ստորագրել, փաստաթուղթը էլեկտրոնային ստորագրությամբ է ուղարկվել ՍԴ, ընդ որում՝ բացակայում է ձևը, նմուշը և համարը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը մինչ այս բոլոր պայմանագրերի մասով գրել է հատուկ կարծիք, որ ստորագրության բացակայության դեպքում դիմումները չպետք է քննվեն ՍԴ-ում: ՍԴ-ն չպետք է վարույթ ընդուներ, քանի որ փաստաթուղթը պատշաճ կերպով ստորագրված չի եղել:
«Սահմանադրական դատարանի» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետն էլ սահմանում է՝ «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշումը եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով՝ անհապաղ ուղարկում է կողմերին»:
Պարզվում է, ՍԴ-ն, առանց պատշաճ ստորագրության ուղարկված փաստաթուղթը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը, ոչ միայն վարույթ է ընդունում, այլ մի բան էլ խայտառակ որոշում է կայացնում, թե իբր այն համապատասխանում է մայր օրենքին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: