Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած դեպքով մեկ անձ կալանավորվել է․ ՔԿ
2024թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:02-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սուրենավան բնակավայրի 24-ամյա բնակիչ Ա.Զ.-ն, որի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Հաղորդման կապակցությամբ իրականացվել են անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում տվյալներ են ստացվել վերջինիս՝ նշված վնասվածքն ստանալու մի շարք հանգամանքների վերաբերյալ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում գտնվող գազալցակայանի տարածքում տուժողի, վերջինիս քրոջ որդու, վերջիններիս համագյուղացու և քննությամբ դեռևս չպարզված անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով հիշյալ անձը հրազենային վնասվածք է ստացել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ միջադեպին մասնակից անձինք՝ մի կողմից Ա.Զ.-ն, վերջինիս քրոջ որդի Ա.Պ.-ն, իսկ մյուս կողմից տուժողի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը, ով նրա բարեկամն է, գտնվում են լարված հարաբերությունների մեջ և նախկինում նույնպես վեճեր են ունեցել:
Դեպքի օրը՝ 2024թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, մի կողմից Սուրենավան բնակավայրի 26-ամյա բնակիչ Ա.Պ.-ն, Ա.Զ.-ի և դեռևս ինքնությունը չպարզված այլ անձանց հետ, վերջինիս բարեկամի հետ վիճաբանելու նպատակով, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված մահակը ձեռքին ցուցադրաբար կրելով, իսկ մյուս կողմից՝ Ա.Զ.-ի բարեկամ, նույն գյուղում բնակվող անձը, չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով դիտավորությամբ ձեռք բերած, 9մմ տրամաչափի ակոսափող հրազենով զինված, ինքնությունը դեռևս չպարզված անձանց հետ, Ա.Զ.-ի, Ա.Պ.-ի և այլ անձանց հետ վիճաբանելու նպատակով, ժամանել են Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանի տարածք:
Քննությամբ պարզվել է, որ կողմերը, խուլիգանական դրդումներով, իրենց առավելությունը ներկաների նկատմամբ ընդգծելու նպատակով, տևական ժամանակ վիճաբանել են միմյանց հետ, հայհոյել և այդ կերպ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ խանգարել են գազալցակայանի տարածքում և հարևանությամբ գտնվող մարդկանց անդորրը՝ միաժամանակ խոչընդոտելով գազալցակայանի բնականոն աշխատանքը:
Այնուհետև, Ա.Պ.-ն, իր անձի առավելությունը ցուցադրելու մոլուցքով տարված, հարևանությամբ գտնվող իրեն պատկանող խանութից վերցրել է քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով դիտավորությամբ ձեռք բերած, պահած «TT» տեսակի ատրճանակը, այն ցուցադրաբար կրելով և չենթարկվելով հավաքված անձանց հորդորներին, նրանց մի կողմ հրելով, փորձել է հետապնդել Ա.Զ.-ի բարեկամին և պատժել նրան: Քննությամբ փաստվել է, որ կրակոցներ արձակել է ոչ միայն Ա.Պ.-ն, այլև՝ Ա.Զ.-ի հիշյալ բարեկամը, ով իր հետ նախօրոք վերցրած ապօրինի զենքից՝ Ա.Զ.-ին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել նրա ոտքերի ուղղությամբ, ինչի հետևանքով կրակոցներից մեկը վնասել է վերջինիս ոտքը՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքներ:
Արձակված կրակոցների արդյունքում գազալցակայանի տարածքում և հարևանությամբ գտնվող մարդկանց մոտ առաջացել են վախի ու տագնապի զգացողություններ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կրակված փամփուշտ և փայտե մահակ, ուսումնասիրվել են դեպքի վայրին հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, հարցաքննվել են ականատես վկաներ: Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ա.Պ.-ն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Ա.Զ.-ի բարեկամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենների ձեռք բերման աղբյուրը, միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան