Կյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 69 տարեկանում կյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը։
Արժանիկ Հովհաննիսյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում գտնվող հայկական միջնադարյան որմնանկարների վերականգնման գործում։
Նա, ավարտելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, վերապատրաստվել է որպես որմնանկարների վերականգնող մասնագետ և ողջ կյանքը նվիրել պատմամշակութային ժառանգության վնասված արժեքների վերականգնման գործին։
Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ վերականգնվել են այնպիսի նշանավոր հուշարձանների որմնանկարներ, ինչպիսիք են Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Սբ Հովհաննես եկեղեցու, Արագածոտնի մարզի Մուղնու Սբ Գևորգ եկեղեցու, Լոռու մարզի Քոբայր վանական համալիրի, Թիֆլիսի Սբ Գևորգ հայկական եկեղեցու որմնանկարները և այլն։
Նրա վերջին աշխատանքներից են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարների վերականգնման նախագիծը (ներկայում վերականգնման փուլում է) և Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների վերականգնումը։
Նա «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» միջազգային կազմակերպության անդամ էր։
ԿԳՄՍ նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Արժանիկ Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան