«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը նվիրված է Շառլ Ազնավուրի հարյուրամյակին
«Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի կազմակերպչական խորհուրդը հայտարարում է 20-րդ հոբելյանական փառատոնի անցկացման մասին։ Այս տարի այն տեղի կունենա նոյեմբերի 5-9-ը` Երևանում և մարզերում։
Փառատոնը կներառի կրթական, մշակութային և սոցիալական բազմաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել երեխաների և երիտասարդների ստեղծագործական ու բազմակողմանի զարգացումը:
Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը, որը գործում է 2001 թվականից, հանդիսանում է «Ռոլան» Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչը, որն իր ձևաչափով միակն է տարածաշրջանում:
Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարի փառատոնը նվիրված է Շառլ Ազնավուրի հարյուրամյակին՝ ներկայացնելով բացառիկ ֆիլմեր, որոնք արտացոլում են նրա ստեղծագործական ժառանգությունը և համամարդկային արժեքները: Ցուցադրվող ֆիլմերը ներառում են ինչպես միջազգային, այնպես էլ հայկական կինոնկարներ:
Փառատոնը բարեգործական հիմունքներով 7000 տոմս է տրամադրում Հայաստանի
դպրոցներին և կազմակերպություններին: