Պառդոն իմ ֆղանսերենը
Ֆրանկոֆոնիան խփվել է դեպի «քաղաքականություն»։
Երեկ ագն-ից հայտնել են, թե՝ 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով համերաշխություն են հայտնել «Հայաստանին և խաղաղության գործընթացին»։
Հետաքրքիր է, թե ինչպես է հնարավոր համերաշխություն հայտնել միաժամանակ և Հայաստանին, և փաշինյան-ալիև հեղիանակած բարաթին։
Բանաձևը ֆռանսերեն ողջունել է «սահմանագծի վերականգնումը», «տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը», որից հետո ագն թարգմանիչները «բութ» են դրել բացատրելու համար հավանաբար՝ ավելացնելով «ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հարգանքի հիման վրա»:
Դժվար եմ պատկերացնում, թե ինչ է նշանակում «հաղորդակցության ուղիներ», որոնց հիմքը պիտի լինի ազգային իրավազորությունը։
Ասենք՝ պիտի բացվի (ֆղանսերեն՝ ՎԵՐԱբացվի) փաշինյան-ալիև մանկության երազանք ադրբեջան-թուրքիա կապող «միջանցք», որտեղով հավասար պիտի գնան-գան հայը, թուրքն ու ադրբեջանցի՞ն։
Թե՞ խոսքը Հայաստան-Արցախ կապող ճանապարհի մասին է, որը փակելով ադրբեջանը սովի մատնեց մի ամբողջ հանրապետություն՝ ֆղանկոֆոն իրավահավասար ազգերի ու Հայաստանի իշխանություն աչքի առաջ, թողեց առանց որևէ բժշկական ու այլ կենսական օգնության։
Չէ իհարկե, Արցախի մասին չէ. «կարևորվել է Լեռնային Ղարաբաղից 115 հազար բռնի տեղահանված փախստականներին շարունակական հումանիտար աջակցության ապահովումը»։
Ոչ մի խոսք իրենց տներ վերադառնալու հնարավորության մասին։ Ու ոչ միայն արցախահայության, նաև՝ «ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորածների խնդիրների լուծումը»։
Ես չգիտեի, որ ֆղանկոֆոն լեզուն այսքան ջուր լեզու է։ Լուծել անհայտ կորածների խնդիրները...
Ուստի՝ կներեք իմ ֆղանսերենը, որով ես մտքումս պատասխանեցի այս «բանաձևին»։
Անահիտ Ոսկանյան