ՍԴ-ն Հայաստանի անկախության մասին հռչակագրի նշանակությունը պարզելու համար գործածել է մի հնարք, որը դուրս է որևէ տրամաբանությունից. Թովմասյանի հատուկ կարծիքը
Սահմանդրական դատարանի էջում հրապարակվել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը սեպտեմբերի 26-ի որոշման մասին։
Հիշեցնենք՝ այդ օրը Սահմանադրական դատարանը որոշեց, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
«Մինչև որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերի առնչությամբ իմ անհամաձայնությանն անդրադառնալը՝ անհրաժեշտ եմ համարում նշել, որ սույն գործով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը չի համապատասխանում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին. Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն դիմումը վարույթ ընդունելու, հետևաբար նաև՝ այդ դիմումի հիման վրա որոշում կայացնելու»,-հատուկ կարծիքում նշել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
Անդրադառնալով որոշման մեջ Անկախության հռչակագրին վերաբերող հատվածին՝ Թովմասյանն ընդգծել է.
«Ինչ վերաբերում է Սահմանադրության նախաբանին, ապա ինձ համար անընդունելի և իրավաբանորեն դժվար վերծանելի պատճառաբանություններով Սահմանադրական դատարանն արժեզրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նորմատիվային նշանակությունը: Սահմանադրական դատարանը գտել է, որ Հ ռչակագրի այն դրույթները, որոնք չեն արտացոլվել Սահմանադրության մեջ, որևէ իրավական նշանակություն չունեն, ինչով ոչ միայն իմաստազրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի իրավական և պատմական նշանակությունը, այլև վերածել է այն սոսկ խորհրդանշական փաստաթղթի, իսկ Սահմանադրության նախաբանին՝ այդ մասով զրկել Սահմանադրության դրույթների մեկնաբանության համար որպես հիմք հանդիսանալուց։
Սահմանադրական դատարանը Հայաստանի անկախության մասին հռչակագրի նշանակությունը պարզելու համար գործածել է մի հնարք, որը դուրս է որևէ տրամաբանությունից. Հռչակագրի առանձին դրույթներ համեմատել է Սահմանադրության դրույթների հետ, և հայտնաբերելով «հակասություններ», որակազրկել է Հռչակագրի նորմատիվային բնույթը:
Սահմանադրությունը հղում չի անում Հռչակագրին որպես ամբողջությամբ գործող փաստաթուղթ, այլ հղման միջոցով սահմանադրական նորմատիվ բովանդակություն է հաղորդում Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին:
Այս առումով նախ հարկ է նշել, որ Հռչակագիրը գործող Սահմանադրության ընդունման շարժառիթներից մեկն է, և որպես Սահմանադրության ընդունման հիմք տեղ է գտել Սահմանադրության նախաբանում:
Հետևապես՝ կոպիտ մեթոդաբանական և տրամաբանական սխալ է 1995 թվականի,
2005 թվականի կամ գործող խմբագրությամբ Սահմանադրության համեմատությունը
Հռչակագրի հետ, քանի որ այն չի հավակնել իրենով փոխարինելու Սահմանադրությունը:
Գտնում եմ, որ Հայաստանի անկախության մասին հռչակագրի՝ նորմատիվային
բնույթի անտեսումը կարող է վտանգել անկախացման գործընթացի լեգիտիմությունը և
հանգեցնել ներկայիս Հայաստանի Հանրապետության համար գոյաբանական վտանգների
ավելացմանը»։
Հատուկ կարծիքը ՍԴ դատավորն ավարտել է հետգրությամբ.
«Հետգրություն.
Սահմանադրական դատարանի մեծամասնությունը Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետ կապված «սահմանադրական երկիշխանության» վտանգ է տեսնում
և կարծում է, որ այդ «երկիշխանությունը» Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող
ծնողի»։
Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումներին բնութագրական չեն
այդբովանդակ դարձվածքների կիրառումը:
Եթե ՍԴՈ-1749 որոշմամբ ընդունված մոտեցումը դա է, ապա իմ հակադարձումը այդ
ոճով հետևյալն է. Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»։
Հատուկ կարծիքն ամբողջությամբ՝ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը հայտարարությունները ՍԴ-ի համար` որպես «իրավունքի համապարտադիր աղբյուր». Արթուր Ղամբարյան
- Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան
- Մի փնտրեք իրավաբանություն մի տեղ, որտեղ առկա է հանցագործություն. Կոչուբաևը՝ ՍԴ որոշման մասին
- Գոհար Մելոյան. ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան