Հայաստան-Իրան պետական սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները
ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը՝ գրելով․
«Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ։ Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում նույնական է։
Վարչապետ Փաշինյանը դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ։
Համաձայնություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»։