«Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է իշխանության յուրացման գործով անցնել մեղադրյալի կարգավիճակով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գլխավոր դատախազության և Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու միջև պայքարը չի դադարում։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը մերժել է հայտնի երգչի որդու՝ Հրաչյա Ղևոնդյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով։ Ասել է թե՝ Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է իշխանության յուրացման գործով անցնել մեղադրյալի կարգավիճակով։
Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորման հարցը հասել էր Վճռաբեկ դատարան:
ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Գլխավոր դատախազությունը դիմել էր վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Ասել է թե՝ ՀՀ բոլոր դատական ատյանները՝ առաջին ատյանը, ՀՀ վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները, մերժել էին հայտնի երգչի որդուն կալանավորելու միջնորդություններն ու բողոքները։ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված և ամեն գնով ցանկանում է կալանքի տանել Հրաչյա Ղևոնդյանին, սակայն փորձերն անցան ապարդյուն։ Դատարանները կալանքի չտարան, սակայն քրեական հետապնդումը դադարեցնելը մերժվեց:
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. «Ստեղ մի ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնել, ցավդ տանեմ, պիտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր պահես»:
Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղևոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթել իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաև հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը:
Ղևոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որևէ մտադրություն չի ունեցել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։