Վրաստանը պնդում է, որ երկրում սկսված նախընտրական արշավին արտաքին միջամտություն կա
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է նախընտրական քարոզարշավին օտարերկրյա միջամտության դեպքերի մասին։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։
«Ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 6-ը ընդդիմադիր կուսակցությունների, մի շարք դիտորդական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործունեության ընթացքում հայտնաբերված նախընտրական խախտումների մասին։
Այս խախտումները վերաբերում են ընտրություններին օտարերկրյա միջամտությանը, ընտրական գործընթացին միջամտելուն և ընտրական գործընթացի վարկաբեկմանը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության և խորհրդարանական մեծամասնության անդամ Գիվի Միկանաձեն։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 1-ին Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը տեղեկատվություն է հրապարակել, թե արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիները ինչպես կարող են գրանցվել ընտրություններին քվեարկելու համար։ Նա հրապարակել է երկու անձանց կոնտակտային տվյալները, որոնք, ըստ նրա, կաջակցեն Վրաստանի քաղաքացիներին գրանցման գործընթացում, «ինչը ակնհայտորեն օտարերկրյա միջամտություն է ընտրական գործընթացներին»։
«Հոկտեմբերի 1-ից ԱՄՆ դեսպանատունը Facebook-ի իր էջում համակարգված կերպով բացիկներ էր տեղադրում, որոնց բովանդակությունը համատեքստից կախված քաղաքական բնույթ էր կրում և արտացոլում էր կառավարական թիմի հակադիր դիրքորոշումը։ Հոկտեմբերի 4-ին Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հրապարակավ հայտարարեց, որ «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի շրջանակներում գովազդային պաստառների վրա տեղադրված տեղեկատվությունը «ամոթալի, ցնցող և նողկալի է»,-ասաց Միկանաձեն: