Նախնական տվյալներով, «Դոմուս» ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել. ՔԿ
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։
Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12.57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահի պահեստային տարածքում: Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ։ Ժամը 13.06-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Ժամը 13.20-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.23-ին, մարվել՝ ժամը 16.11-ին։ Նախնական տվյալներով՝ մոտ 3000 քառ.մ տարածքում այրվել է երկհարկանի շինությունն ամբողջությամբ՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք և այլն։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 17 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 9 ջրատար։
Հարակից հրապարակումներ`
- Նախնական տվյալներով՝ մոտ 3000 քառ.մ տարածքում այրվել է «Դոմուս»-ի երկհարկանի շինությունն ամբողջությամբ․ ՆԳՆ ՓԾ
- Տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի խանութում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել
- «Դոմուս»-ում հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել, տուժածներ չկան. Կամո Ցուցուլյան
- «Դոմուս»-ի հրդեհի մարման համար շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել
- ՈՒՂԻՂ. Ինչ է կատարվում հրդեհի վայրում
- Լուսանկարներ հրդեհի վայրից
- Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Դոմուսի հրդեհից
- Խոշոր հրդեհ Երևանում