Գումարները վճարվել են, բայց էլեկտրամոբիլները չկան. Հետք
«Հետք»-ը գրում է.
«2023 թվականի հունվարի 5-ին Հայկ Ասլանյանը պայմանագիր է կնքել «Էյ Բի Սի Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու նպատակով։ Ընկերությունը պետք է Չինաստանից գներ և Հայաստան տեղափոխեր 2022 թվականի արտադրության Volkswagen ID.4 Crozz prime մոդելի էլեկտրամոբիլ։
Ըստ ռեգիստրի տվյալների՝ «Էյ Բի Սի Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատերը Աննա Խաչատրյանն է, սակայն մեզ դիմած քաղաքացիների պնդմամբ՝ ընկերությունը փաստացի ղեկավարում է նրա հայրը՝ Արա Խաչատրյանը։
Հայկը ընկերության մասին իմացել է սոցցանցերից, որտեղ «Էյ Բի Սի Հոլդինգը» ներկայանում է electromobile.am անունով։ Գործում է նաև համանուն կայքը, որտեղ տեղեկություններ կան էլեկտրամոբիլների տեխնիկական բնութագրերի և գների մասին։
Պայմանագրի կնքումից հետո Հայկը փոխանցել է կանխավճարը (մեքենայի արժեքի 30%-ը)՝ 10,200 դոլար։ Մի քանի օր անց վճարել է նաև մնացած գումարը՝ 23,800 դոլար։ Մեքենան պետք է փոխանցվեր առաջին վճարումից 120 օր անց, սակայն մինչ օրս Հայկը չի ստացել ո՛չ մեքենան, ո՛չ էլ գումարը։
Ժամկետի ավարտից հետո Հայկը կապ է հաստատել Արա Խաչատրյանի հետ՝ ճշտելու, թե երբ մեքենան տեղ կհասնի։ Խաչատրյանը նախ ասել է, թե մեքենան Դուբայում է և շուտով կհասնի Հայաստան, սակայն ավելի ուշ հայտնել է, թե մեքենան Վրաստանի տարածքով է Հայաստան բերվելու։
«2.5 ամիս հետո ասաց, որ Դուբայում օրիգինալ փաստաթղթեր են ուզել, և պիտի մեքենան Փոթիով բերի: Դա արդեն ինձ տարօրինակ թվաց, հասկացա, որ խաբում է»,- ասում է Հայկը։
Այս խոսակցությունից հետո Խաչատրյանը խուսափել է Հայկի հետ հանդիպելուց։
Օրեր առաջ Արա Խաչատրյանը գնացել է Հայկ Ասլանյանի աշխատավայր և առաջարկել նոր պայմանագիր կնքել, որից հետո կվերադարձնի գումարը։ Հայկը հրաժարվել է։ «Ասացի՝ մեկ անգամ արդեն խաբել եք, չեք կատարել պարտականությունները, ի՞նչ իմաստ կա նոր պայմանագրի: Հետո իրավաբանիս հետ խոսեցի, ասաց, որ եթե նոր պայմանագիր կնքեի, դա կհամարվեր հարաբերությունների թարմացում և քրեական գործը, որը հարուցել էինք, կդառնար քաղաքացիական, հետո ինքը սնանկության հիմքով կկարողանար խուսափել»,-ասում է Հայկ Ասլանյանը։
Մարտին Ղազարյանը նույնպես տուժել է «Էյ Բի Սի Հոլդինգ» ՍՊԸ-ից։ Էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար նա պայմանագիր է կնքել և վճարել ամբողջ գումարը։ «Արա Խաչատրյանը վստահեցրեց, որ մեքենան 60-90 օրվա ընթացքում կհասնի։ Ես մեքենան շտապ էի ուզում, դրա համար վճարեցի ամբողջ գումարը միանգամից»,- նշում է Մարտինը։
Պայմանագիրը կնքվել է 2022 թվականի նոյեմբերի 5-ին։ Հաջորդ օրը Մարտինը փոխանցել է պայմանագրով նախատեսված 15 մլն 125 հազար դրամը։ «Երբ եկավ պայմանագիրը ստորագրելու պահը, Արա Խաչատրյանը կանչեց աղջկան՝ Աննա Խաչատրյանին, որ ստորագրի պայմանագիրը»,- պատմում է Մարտինը։
Երբ լրացել է 60 օրը, Մարտինը զանգել է Արա Խաչատրյանին։ Նա ասել է, որ դժվարություններ են առաջացել և, հնարավոր է, մեքենան նախանշված ժամկետից ուշանա։
Մի քանի ամիս անց, երբ մեքենայի մասին նորություն չկար, Մարտինը գնացել է «Էյ Բի Սի Հոլդինգ»-ի գրասենյակ, որը Արշակունյաց 3Ա հասցեից տեղափոխվել էր Սունդուկյան 1։ Արա Խաչատրյանը նրան հավաստիացրել է, որ մեքենան հուլիսին կժամանի։
«Հուլիսին Արա Խաչատրյանը զանգեց, ասաց՝ մեքենադ եկել է, բայց վնասված է։ Ասացի՝ ոչինչ, արի տուր մեքենան։ Բայց նա պատասխանեց, որ գումարը կվերադարձնի»,- պատմում է Մարտինը։
2023 թ. հուլիսի 31-ին Մարտին Ղազարյանը հայց է ներկայացրել «Էյ Բի Սի Հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։
2024-ի մայիսի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է Մարտին Ղազարյանի դիմումը և «Էյ Բի Սի Հոլդինգ»-ին պարտավորեցրել վճարել 16 մլն 826 հազար դրամ։ «Էյ Բի Սի Հոլդինգ» ՍՊԸ-ն բողոքարկել է դատարանի վճիռը։
«Հետքը» Արա Խաչատրյանին խնդրեց պարզաբանել՝ ինչու՞ Հայկ Ասլանյանին և Մարտին Ղազարյանին չի տրամադրել մեքենաները, որոնց գումարները ստացել է։ Խաչատրյանն ասաց, որ ինքը ևս խաբեության և անբարեխիղճ մրցակցության զոհ է դարձել։
«Մենք փոխանցել ենք այդ գումարները չինական ընկերությանը, որը պետք է մեզ ուղարկեր մեքենաները, բայց այդ ընկերությունը գումարը ստանալուց հետո ոչ միայն հրաժարվել է ուղարկել մեքենաները, այլև գումարը չի վերադարձնում»,- ասաց Խաչատրյանը։ Ըստ նրա, չինական ընկերության այդ պահվածքի պատճառն իրենց մրցակից ընկերություններից մեկն է՝ «Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն, որը համաձայնության է եկել չինական ընկերության հետ, որպեսզի վերջինս մեքենաները չուղարկի իրենց։ Խաչատրյանի պնդմամբ, ինքը սկզբում աշխատել է «Էկո մոթորս»-ի հետ, սակայն հետագայում կոնֆլիկտի պատճառով հեռացել է ընկերությունից։
Արա Խաչատրյանը նաև վստահեցրեց, որ մինչև տարեվերջ կվճարի Հայկ Ասլանյանի և Մարտին Ղազարյանի գումարները»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով։