Մահացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը:
«Մեծ ցավով հայտնում ենք, որ անկրկնելի երգչուհի Զառա Տոնիկյանը արդեն մեկ ամիս մեզ հետ չէ:
Միշտ հիշում ենք, լսում ու գնահատում»,- նշված է Հայաստանի երգի պետական թատրոնի ֆեյսբուքյան էջում։
Արվեստագետ Կարեն Հակոբյանը գրում է․ «Զառան այլևս մեզ հետ չէ... ինչպես գեղեցիկ կապույտ երազ… անկրկնելի էություն…միշտ իմ սիրո և աղոթքների մի մասը… Ես չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, ես պարզապես իմացա, որ նա այլևս չկա… արդեն մեկ ամիս…մեկ ամիս»։
Զառա Տոնիկյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 5-ին՝ Երևանում։ Երաժշտական գործունեությունն սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թ. Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում և հաղթել։ Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել Մոսկվայի հեռուստատեսության «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում և ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան Կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված սովետա-շվեդական ծրագրում՝ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի և այլ կոմպոզիտորների երգերով։
1992 թվականից բնակվել ու ստեղծագործել է Բելգիայում։ Բելգիա տեղափոխվելուց հետո առաջին մենահամերգը ունեցել է 1994 թվականին, Կորտրեյկ քաղաքի ջազ-ակումբում։ Համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հայտնի բեմերում, մասնակցել մի շարք փառատոների։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին